Aravot.am-ը դժգոհություն է ստացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ստեփանյանից: Ուսանողուհին գրում է. «Հայաստանում գոյություն ունի «Մարքեթինգի հայկական ակումբ» անվանումով երիտասարդական ՀԿ, որի ծրագրերին մի ժամանակ մասնակցել եմ, սակայն համոզվել եմ, որ այդ կառույցը կողմնապահ է և իր ծրագրերով առավելապես կենտրոնացած է ՀՊՏՀ-ի մարքեթինգի բաժնի ուսանողների շուրջ: Եթե Մարքեթինգի ակումբ է, ապա թող հավասարապես ծառայի բոլորիս շահերին: Ժամանակ առ ժամանակ լինում են ծրագրեր, որոնց մասին տեղեկանում եմ, քանի որ, էլեկտրոնային հաղորդագրություններ են ուղարկվում շատ ՀՊՏՀ-ականների, սակայն ոչ մի անգամ մեզ նման ինֆորմացիաներ չեն հաղորդում, չնայած ես թողել եմ իմ էլ. հասցեն նրանց բազայում: Ես ինքնանպատակ չեմ բողոքում, ու թշնամաբար չեմ տրամադրված, պարզապես ուզում եմ կոչ անել նրանց՝ իրենց ծրագրերում ներգրավել նաև այլ բուհերի ուսանողների»:
Aravot.am-ը ուսանողուհու բարձրացրած մտահոգությունը փոխանցեց «Մարքեթինգի հայկական ակումբ» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Տարոն Պարսամյանին: Նա մեր զրույցում ասաց. « Ճիշտն ասած անակնկալի եկա, քանզի միշտ փորձել ենք հնարավորինս բաց լինել բոլոր ապագա մարքեթոլոգների համար, նախաձեռնել ենք նրանց կողմից առաջարկած շատ ծրագրեր: Սակայն մյուս կողմից էլ՝ ուսանողուհու բարձրացրած հարցի մեջ իրականության հատիկ կա, բայց ոչ ամբիցիաների հարթության վրա: Մենք ակտիվ ենք համացանցում, և անիմաստ է ասել, թե դժվար է կապ հաստատելը կամ առաջարկներով հանդես գալը: Սակայն ես քննադատության հետ համաձայն եմ այն մասով, որ խոշորամասշտաբ ծրագրեր չեն նախաձեռնվել և ուղղակի հանդիպումներ չեն եղել վերոնշյալ բուհի ուսանողների հետ: Բայց հաշվի առնելով մեր առաջիկա ծրագիրը՝ վստահ եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերը կհասկանան, որ կողմնապահության խնդիր չկա»:
Տ. Պարսամյանը ուսանողներին առաջիկա ծրագրերին ծանոթանալու և մասնակցելու համար խորհուրդ է տալիս հետևել www.marketingclub.am-ի անցուդարձ բաժնին: Այնուհետև հայտնեց. «Ասեմ, որ իսկական անակնկալ ենք պատրաստել մարքեթոլոգ ուսանողների համար»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ