Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է վերահսկել թեժ գծերով ստացվող զանգերի ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների ընթացքը

Հոկտեմբեր 01,2012 15:14

Հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի տոնական տեսքի արտաքին ձևավորման և լուսավորման համապատասխան աշխատանքները: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները:

Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Երևան կայցելեն աննախադեպ թվով օտարերկրյա պատվիրակություններ: Այդ օրերին Երևանը կհյուրընկալի շուրջ 13 երկրների ավելի քան 100 պատվիրակների, այդ թվում մի շարք քաղաքապետերի:

Տոնակատարություններին ընադառաջ քաղաքապետը հանձնարարել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:

«Կոչ եմ անում, որ մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները, մասնավոր ու պետական հիմնարկները և քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաև մեր բնակիչներն ակտիվորեն մասնակցեն շաբաթօրյակին: Քաղաքապետարանը կհոգա ու կապահովի նաև անհրաժեշտ պարագաներով»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Ընթացող աշխատանքներին զուգահեռ վերականգնված է նաև 2000 գծամետր մայթեզրյա հատված:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ: Ուժեղացված հսկողություն է իրականացվում մասնավորապես առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտային հոսքերի կանոնակարգման նպատակով: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթվա ընթացքում երկու միկորավտոբուսային երթուղիների շարժակազմերը փոխարինվել են ավտոբուսներով:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսված 7 վերգետնյա հետիոտն անցումներից 5 արդեն շահագործվում են, ավարտական փուլում են վերջին 2 հետիոտն անցումների աշխատանքները:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են նկարազարդման աշխատանքները մայրաքաղաքի կամարանցումներում և բակային տարածքներում:

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքի գրադարանները WiFi համակարգերով ապահովելու առաջարկի հետ կապված:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել դպրոցներում` բացառելու համար դրամահավաքության որևէ դեպք, այդ թվում «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» էլեկտրոնային կայքերի միջոցով կատարվող նվիրատվությունների դեպքում, որոնք կատարվում են միայն կամավոր սկզբունքով և պարտադիր բնույթ կրել դրանք չեն կարող:

Հանձնարարվել է նաև քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական բոլոր դպրոցներում բացառել տետրերի, ալբոմների, գրենական պիտույքների և նման այլ պարագաների վաճառքը:

«Դպրոցը առևտրի վայր չէ: Նմանատիպ երևույթի վերաբերյալ ահազանգի դեպքում կկիրառվեն համապատասխան բոլոր միջոցները և պատասխանատվության կենթարկվեն»,-նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է առավել հետևողական լինել և ուշադրության կենտրոնում պահել թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքն ու բնակչության կողմից այդ հեռախոսահամարներին ստացվող ահազանգերին արձագանքման ընթացքը:

«Սպասարկման ոլորտի այն կառույցներում, որտեղ հստակ հայտարարել ենք, որ գործում է թեժ գծի հեռախոսահամար, պետք է ուսումնասիրել, թե ինչ ընթացք է տրվում քաղաքացիների հնչեցրած ահազանգերին: Բացի այդ, քայլեր ձեռնարկեք կարճ ժամանակում աշխատակազմի բոլոր սպասարկման գործառույթ իրականացնող վարչություններին առանձին թեժ գծի հեռախոսահամարներով ապահովելու ուղղությամբ և վերահսկեք, որպեսզի դրանցով ստացված ահազանգերին օպերատիվ լուծումներ տրվեն»,-նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031