Կապանի երկրագիտական թանգարանում «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը «Ճանապարհ» խորագիրը կրող «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում կազմակերպել էր ցուցահանդես` նվիրված Վահանավանքի 1100-ամյակին, որը վանական համալիրին նվիրված միջոցառումների շարքի շարունակությունն էր:
Մինչ այդ, Վահանավանքի 1100-ամյակին նվիրված գիտաժողով էր կազմակերպվել Երեւանում, որից հետո հրատարակվեց բուկլետ, որտեղ համապարփակ ներկայացված է վանական համալիրի պատմությունն ու երախտավորներին:
«Ցուցահանդեսն առաջին հայացքից կարող է կիսատ թվալ, բայց այստեղ մի հետաքրքիր գաղտնիք ենք թողել, կան դիտավորյալ բաց թողնված տեղեր, որոնք պետք է հետագայում լրացվեն: Այսօր ներկայացրել ենք հուշարձանի վերականգնման պատմությունը` մինչեւ այսօր ինչ է կատարվել, գծագրեր, հին եւ նոր լուսանկարներ, վանական համալիրից բերված բեկորային նյութեր, որոնք վերականգնման ժամանակ չեն օգտագործվել, թանգարանային նյութեր են, բայց քանի որ հուշարձանը վերջնականորեն չի վերականգնված, չի օծված` որպես եկեղեցի, մենք փորձելու ենք յուրաքանչյուր քար հուշարձանի վրա դնելուց, այստեղ տարեգրությունը շարունակել: Երբ կամբողջանա ցուցադրությունն արդեն, մենք կարող ենք փաստել նաեւ, որ Վահանավանքի վանական համալիրը վերականգնվեց ամբողջությամբ» -նշեց ծառայության հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Արտավազդ Զաքյանը, որը Վահանավանքի պահպանման հարցում կարեւորեց դռների տեղադրման հարցը, որի բացակայության պատճառով անասուններն անարգել ելումուտ են անում համալիրի բուսականությամբ հարուստ տարածքում:
Երկրագիտական թանգարանի մեկ այլ ցուցասրահում ներկայացվել էր նաեւ Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղի հարուստ պատմությունը:
«Կապանցիների, սյունեցիների համար ե’ւ եվրոպական, ե’ւ համամարդկային քաղաքակրթությունը մեր մշակութային արժեքներն են, մեր գյուղերն են, մեր պատմական անցյալն է: Վերին Խոտանանը ոչ միայն Կապանի ու Սյունիքի, այլեւ ամբողջ հայոց աշխարհի լավագույն ու հրաշալի պատմական անցյալ ունեցող գյուղերից մեկն է: Գյուղը ծնել է ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Տաթեւացի, Հմայակ Տեր-Դավթյան, Պողոս Տեր-Դավթյան, բազմաթիվ զորահրամանատարներ եւ մշակույթի ու գիտության շատ զավակներ: Ցուցադրվող նյութերի հավաքման, պահպանության համար մենք շնորհակալ ենք դպրոցի ուսուցչուհի Ալմարա Անտոնյանին, ում շնորհիվ նյութերը փոխանցվել են թանգարանին», – ասաց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը:
Խոտանանցիները հայտնի են «գիժ, խենթ խոտանանցի» մականվամբ, ներկայումս էլ այդ պիտակավորումը շատ է օգտագործվում, սակայն այդ մականունը խոտանանցիները ստացել են Դավիթ Բեկի ժամանակներից, երբ պատերազմի ժամանակ գյուղի կանայք ու երեխաները եկել էին իրենց ամուսիններին ու հայրերին օգնության: Հերոսաբար կռվելու ժամանակ թուրք փաշան տեսնելով դա, բղավել է՝ սրանք «դալի» են, այսինքն խենթ են, շաշ են, ինչպե՞ս են իրենց կանանց բերել պատերազմի: Այդտեղից էլ խոտանանցիները ստացել են գիժ խոտանանցի (կիժ) պատվաբեր անունը, որը խոսում է իրեն չխնայող, չնահանջող խոտանանցու անձնուրաց նվիրվածության մասին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ