Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. «Պոչամբարները նպաստում են հրեշածնությանն ու մեռելածնությանը»

Հոկտեմբեր 01,2012 14:50

«Թեղուտի քանդող ծրագիրը հովանավորվում է պետության կողմից: Նախագահն ընդհանրապես չի պատասխանում մեր նամակներին, վարչապետն էլ, երբ նոր էր նշանակվել, սկզբում ոգեւորված էր այս խնդրով, հետո, երբ երեւի իմացավ ովքեր են Թեղուտի տերերը, խայտառակ ձեւով իրեն պահեց, հասկացանք, որ նա հարց լուծող չէ»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում հանքարդյունաբերության օգուտները եւ վնասները Հայաստանում թեմայով ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Ըստ նրա, ՀՀ իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների «շնորհիվ» հանքարդյունաբերությունը մեր երկրում միայն եկամտահարկի մասով է հարկվում:  Իսկ հանքարդյունաբերական թափոնները չեն հարկվում:

«Այդ թափոնների առաջացրած հետեւանքները խիստ վտանգավոր են մարդու կյանքի, բուսական ու կենդանական աշխարհի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 70-90 %-ով ընկնում է հողի բերրիությունը, ծնելիությունը նվազում է, հրեշածնությունն ու մեռելածնությունն էլ ավելանում են»,-փաստում է բնապահպանը:

Պարոն Սանասարյանի խոսքերով, հանք շահագործողը պետք է պոչամբարի նախագիծ ներկայացնի, որը պարտադիր պիտի պոչամբարի համար առնվազն 1000 տարվա հուսալիություն ապահովի, նախագծով սահմանված պետք է լինի, թե այդ ժամանակահատվածում ինչպես պետք է պահպանվի, դիվերսիաների, արտակարգ իրավիճակների ժամանակ ինչ պետք է արվի եւ այլն:

Բնապահպանի համոզմամբ, պոչամբարից սպառնացող վտանգը շատ մեծ է. «Եթե ինձ հարցնեն՝ որն է մեր երկրին ամենամեծ սպառնացող վտանգը, ես կասեմ, որ միջուկային զենքից հետո` պոչամբարներն են, որոնք քիմիական տարրեր են եւ դրանք միլիոնավոր տարիներ չեն վերանում եւ հսկայական վնասներ են հասցնում Հայաստանին»:

Պարոն Սանասարյանը մի քանի ուշագրավ թվեր հրապարակեց. ՀՀ օրենքով 1-ին կարգի թափոնների դեպքում 1 տոննայի համար սահմանված է 48 հազար դրամ վճար: Հանքարդյունաբերական, բայց ոչ առաջին կարգի թափոնների համար` 1 դրամ. «Օրենք մշակողները, դրանում փոփոխություններ անողները հենց հանքատերերն էին եւ ամեն ինչ հարմարեցրել են իրենց: Այդքան չնչին գումարները գոնե 1 տոկոսով չեն փոխհատուցի բնությանն ու մարդկությանը հասցրած հսկայական վնասը»:

Հակոբ Սանասարյանի տվյալներով, հանք շահագործելու համար 1 քմ անտառածածկ հողակտորը, որտեղ կան ծառեր, կանաչ տարածք, հաշվարկվում է 0,8, այսինքն` 80 լումայի կորուստ, այն դեպքում, երբ 1 քմ-ն աղտոտելու համար օրենքով հազարավոր դրամի տուգանք է նախատեսված:

Պարոն Սանասարյանը փաստում է, որ այսօր ամենավատ վիճակում ապօրինի հանք շահագործելու տեսանկյունից` Սյունիքի մարզն է, որտեղ ուրանի 20-22 հանք կա. «Մեղրի գետի ափին 2 պոչամբար կա, այստեղ շուտով կյանքը կմեռնի»: Ընդհանուր առմամբ, 18 պոչամբար է հաշվառված մեր երկրում, բայց, ըստ բնապահպանի, կան կտոր-կտոր պոչամբարներ, որոնք չեն հաշվվում եւ դրանցով հանդերձ` 30-35-ի է հասնում դրանց թիվը:

Պարոն Սանասարյանի խոսքերով, ՀՀ-ում հանք շահագործելու նախագծերը ներկայացվում են կեղծ, թերի հաշվարկ գների նվազեցումներով:

Այսօր մեր երկրում 499 հանք է շահագործվում, որից 24-25-ը՝ մետաղական, մնացածը` ոչ մետաղական:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031