Այսօր «Հավաքների ազատություն» թեմայով հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ-GIZ) նախաձեռնությամբ, շոշափվեցին Հայաստանում անցկացվող հավաքների իրավական կարգավորման մասին հարցեր, եւ ներկայացվեց նոր ուղեցույց, որը վերաբերվում է հավաքների ժամանակ իրականացվող ոստիկանության
գործողություններին:
ԳՄՀԸ, Հայաստանում «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը տեղեկացրեց, որ ուղեցույցը մշակվել է իր, ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ փորձագետ Դեյվիդ Այենսոնի խորհրդատվությամբ:
Կարդացեք նաև
Քննարկմանը մասնակցում էին Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, Կոնֆլիկտների հետազոտման ինստիտուտի տնօրեն (Հյուսիսային Իռլանդիա) ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ հավաքների ազատության փորձագիտական խմբի ղեկավար Նիլ Ջարմանը եւ այլք:
Նշվեց, որ «Հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նպատակն է՝ ՀՀ քաղաքացիների կողմից հավաքների ազատության իրենց սահմանադրական իրավունքից խաղաղ կերպով, առանց զենքի ու առանց բռնության օգտվելու ապահովումը: Ուղեցույցը նվիրված է բացառապես այն լիազորություններին, որոնք օրենքով վերապահված են ոստիկանությանը:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկացնելով ուղեցույցը՝ նշեց, որ հավաքների ժամանակ ոստիկանութան սկզբունքները պարտադիր պետք է հիմնված լինեն խաղաղ հավաքներին աջակցելու, համագործակցության, բավարար ոստիկանության ուժերի տրամադրման, համաչափության, լարվածության թուլացման, օրինական հիմքերով ստացված տեղեկատվությունից օգտվելու սկզբունքներին եւ այլն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ