Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի ընտրություններում առանց այլընտրանքի վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Ֆայզո Ամոյանը: Նախապես առաջադրված երկրորդ թեկնածուն` անկուսակցական Ռոստամ Ալոյանը, ինքնաբացարկ էր հայտնել: Համայնքի 165 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 49-ը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 48, դեմ` 1 ընտրող:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության՝ նույն մարզի Ցամաքասար համայնքի ղեկավարի ընտրություններին քվեարկել են համայնքի 321 ընտրողներից 230-ը: Գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Գոռ Գրիգորյանը ստացել 137, ինքաառաջադրված անկուսակցական Գառնիկ Գրիգորյանը` 81 քվե: 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Անճշտությունների չափը` 4:
Ցամաքասարում, ինչպես նաև Արագածոտնի մարզի ևս 11 գյուղական համայնքներում` Արագածոտնում, Գառնահովիտում, Գեղարոտում, Եղնիկում, Ծաղկասարում, Ծիլքարում, Շամիրամում, Ոսկեթասում, Ուշիում, Չքնաղում և Քուչակում, սեպտեմբերի 30-ին կայացել են ավագանու անդամի ընտրություններ:
Նշենք, որ Արագածոտնի վերոհիշյալ 13 գյուղական համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունները պետք է անցկացվեին սեպտեմբերի 23-ին, սակայն դրանք չկայացան` գրանցված թեկնածուների բացակայության կամ ԸՕ-ով սահմանված անհրաժեշտ թվով չլինելու հիմքերով, և նշանակվեցին նոր ընտրություններ: