Եթե տարիներ շարունակ ՀՌԱՀ-ը «Գովազդի մասին» օրենքի հազարավոր խախտումների վրա աչք փակելով՝ տարին փակում էր առանց տույժ ու տուգանքի, 2011-ը նշանավոր է այն առումով, որ վերջապես հանձնաժողովը տարվա ընթացքում գտել էր 1 խախտում: Հանձնաժողովի այս բացառիկ «հարվածի» տակ ընկել է «Արմենիա թի-վի-ն»: Իսկ թե ինչ է արել այդ հեռուստաընկերությունը նման ուշադրության արժանանալու համար՝ խախտել է մասնավորապես օրենքի 9-րդ հոդվածը, որը սահմանում է՝ «Արգելվում է մինչեւ 10 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդումներում եւ մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը»: Այդ մասին ՀՌԱՀ-ի՝ ԱԺ-ին ներկայացրած 2011-ի բյուջեի հաշվետվության համաձայն, այս կառույցը մեր պետբյուջե է մուտքագրել մոտ 151 մլն դրամ, որը լիցենզիաների պետտուրքն է:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախորդ տարի իրեն հատկացված պետական միջոցներից տնտեսել է մոտ 4 մլն դրամ: 27 մլն դրամից ավելի ծախսել է անդամակցության վճարների վրա : Միայն 8 մլն դրամ ծախսել է հասարակական կարծիքի ուսումնասիրման ծառայությունների համար: 172 մլն դրամ էլ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից է վերցրել: Հաշվետվության մեջ ներկայացված է, որ 2011-ին որոշակի փոփոխություններ են կատարվել Հանրային հեռուստառադիոընկերության ծրագրային քաղաքականության մեջ, մասնավորապես՝ավելացել են սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային ուղղվածություն ունեցող հաղորդումների, ինչպես նաև հայրենական արտադրության ֆիլմերի ժամերը:
Հանրային հեռուստատեսությանը 2011-ին պետբյուջեից հատկացվէլ է մոտ 2.4 մլրդ դրամ: Ինչպես ցույց են տալիս արդյունքները՝ եթե 2010-ին ամբողջ հեռուստալսարանի 20 տոկոսը դիտել է Հ1, ապա 2011-ին արդեն այդ ցուցանիշը բարելավել է 3 տոկոսով:
Կարդացեք նաև
Հաշվետվության մեջ հղում է արվում նաեւ «Տելեմեդիակոնտրոլ» ՓԲԸ-ի վարկանշային տվյալներին, ըստ որոնց՝ 2011 թվականին Հայաստանի հեռուստաեթերի ամենամեծ հեռուստալսարան ունեցող 15 հաղորդումների մեջ 7-ը Հանրային հեռուստաընկերության եթերում են եղել` «Աննա 2» եւ «Հրեշտակների դպրոցը» հեռուստատեսային բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմերը, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը, «Մանկական եվրատեսիլ 2011»ը, «Տեսանկյուն» լրատվական-վերլուծական հաղորդումը, «Առաջին» լրատվականը: Որպես կատարված գործ՝ նշվում է նաեւ Առաջին լրատվականի համբավը՝ շարունակել է մնալ ամենամեծ հեռուստալսարան ունեցող լրատվական ծրագիրը` 26.43 % մասնաբաժնով: «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության վարկանշային տվյալների համաձայն, 2011-ի ընթացքում հեռարձակված 10 լավագույն սպորտային հաղորդումներից 9-ը նույնպես ցուցադրվել են Հանրային հեռուստաընկերությամբ:
Ինչ վերաբերում է ծախսած գումարներին, Հ1-ը 3.6 մլրդ դրամից 1.2 մլրդը աշխատավարձերի ու սոցվճարների վրա է ծախսել: Մի փոքր ավելի՝ 1.6 մլրդ դրամ արտադրական ծախսերն են կազմել, հետարձակման համար 623 մլն է ծախսել, իսկ 71 մլն-ը ընկերությունը այլ ծախսերի տակ է գրանցել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ