Մյուս շաբաթ ավելի քան 100 երկրից մոտ հազար հոգի Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի Խորհրդի գլխավոր գրասենյակում կազմակերված մի միջոցառման, որը կոչված է հաղթահարելու քաղաքական բանավեճի կաղապարներները: Ժողովրդավարության զարգացմանն ուղղված միջազգային ֆորումին ներկա կլինեն ոչ միայն բարձաստիճան պաշտոնյաներ, այլ նաև բլոգերներ, ակտիվիստներ, գործարարներ և լայն հասարակության անդամներ. նոր ձևաչափի ֆորումի ժամանակ նրանք պատասխանելու են հարցին, թե ինչպես կարող ենք ժողովրդավարությունը արդյունավետ դարձնել ներկայի տարբեր հասարակություններում:
Այս ֆորումը նոր բան է: Առաջին անգամ է, որ եվրոպական կառույցը իրոք դռները բացելու է աշխարհի հանրության առջև, և սա աննախադեպ քայլ է 60 տարուց ավելի ժողովրդավարության աջակիցը եղած այս կառույցի կողմից: Սա հին խնդիրներին թարմ հայացք նետելու և ինքնագոհությունից ձերբազատվելու հնարավորություն է: Հինգ մայրցամաքներից ֆորումին ներկա կլինեն չափազանց փորձառու երիտասարդներ, մարդիկ, որոնք շրջագայել են գրեթե ողջ աշխարհով, մարդիկ, որոնց ավանդույթները, մշակույթները, կրոնական հայացքներն ու տեսակետները տարբեր են, երբեմն էլ բախվող: Այս բոլոր մարդկանց կմիավորի ժողովրդավարության նկատմամբ հավատն ու ձգտումը:
Մոտ 20 տարի առաջ, երբ ժողովրդավարությունն Արևմուտքում կենսակերպ էր, Միխայիլ Գորբաչովը Եվրոպայի Խորհրդի քննարկումներից մեկի ժամանակ կանխատեսել էր, որ հասարակությունն ու քաղաքական գործիչները կփոխվեն, եթե ժողովրդի ընտրությունը փոխվի: Այդ կանխատեսումը մարգարեական էր: Դրան հաջորդեց բնակչության հեղափոխությունը, որն ուզում էր ինքնարտահայտվել և թելադրել հասարակության ուղղվածությունը:
Եվրոպայի փոփոխության այդ առաջին ալիքը վարակիչ էր: Վերջինը՝ Արաբական գարունը, տեղի ունեցավ զանգվածային հասարակության թափի և արագության հաշվին, որը ցույց տվեց՝ ժողովրդավարության ծարավը համաշխարհային է, և որ նորագույն տեխնոլոգիաները արտահայտչամիջոցներ գտնելու հնարավորություն են ստեղծում: Սա մի նոր սերունդ է, որի համար տեղային, ազգային և եվրոպական քաղաքական ակտիվության անկման և իշխանությունների ու միջազգային բյուրոկրատիայի նկատմամբ կասկածի աճի ֆոնին, հին մեթոդներն այլևս նշանակություն չունեն: Դրա փոխարեն մարդիկ օգտագործում են Twitter, ստեղծում տեքստային և առցանց միջավայրեր, նրանք հավաքվում են, որպեսզի քննարկեն այն, ինչը համարում են հավաստի և հիմնավորված:
Կարդացեք նաև
Անձնական կարծիքի վրա ուշադրություն հրավիրելու ձգտումն ու դրան հասնելու դյուրինությունը բանավեճերի մեջ նոր գործոն են մտցնում: Ժողովրդավարությունը երբեք կատարյալ չի եղել, այն միշտ զուգորդվել է որոշակի փոխզիջման հետ: Ժողովրդավարությունը միշտ կլինի անընդհատ շարունակվող անավարտ աշխատանք: Ժամանակակից հասարակությունը բացահայտում է, թե ինչ բարդ և հակասական կարող են լինել հանրային բանավեճերը: Ազատ խոսքի իրավունքը կարող է լինել ժողովրդավարության առաջնայնությունը, բայց մինչև ո՞ւր կարող է այն հասնել: Արդյոք իշխանությունն իրավունք ունի՞ գրաքննել նյութերը, որոնք իրենց մեջ վիրավորանք են պարունակում: Որտե՞ղ է սկսվում և ավարտվում դրա սահմանը:
Հասարակության նոր միտումները անխուսափելի մարտահրավերներ են, որոնց համար մենք պետք է գտնենք տևական և ժողովրդավարական լուծումներ: Մենք այլևս չենք կարող ժողովրդավարությունը զուգորդել այն մոդելներով, որպիսիք ունեինք մինչ այսօր: Մուսուլմանական երկրներում անկացված հարցումները ցույց են տվել, որ խոսքի ազատությունն ամեն տեղ է կարևորվում, բայց որ քվեարկությունը կարող է բերել թեոկրատական, և նույնիսկ ռազմական պետության: Ամեն ոք պետք է ընտրության ազատություն ունենա և համոզված լինի, որ ժողովրդավարական եղանակով կատարած այդ ընտրությունն անշրջելի չէ:
Այժմյան աշխարհը այլևս կապված է գաղափարներով, ոչ թե սահմաններով: Ֆորումը կլինի այն կետը, երբ բոլոր գաղափարները արտահայտվում և բաշխվում են իրական ժամանակում և համաշխարհային հանրությանը կհարստացնի ժողովրդավարության մասին քննարկումներով: Twitter-ի սերունդը պատրաստ է պատասխանատվությունը իր վրա վերցնելուն: Ժամանակն է զարգացնել ժողովրդավարությունը մինչև 3.0-ի մակարդակի:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ