«Բարի եղեք չար մարդկանց հանդեպ, նրանք դրա կարիքն ավելի շատ ունեն»,- ասել է Էշլի Բրիլիանտը:
«Մեր մեջ պակասել է բարությունը, մարդիկ քիչ են բարի գործեր անում, անտարբեր են դարձել»,- սա էլ Ժենյա տատիկի խոսքերն են, որոնք մենք այսօր կժխտենք:
19-ամյա Նունեն հիշում է`մի քանի օր առաջ Մաշտոցի պողոտայով բարձրանում էր, իրեն վատ զգաց. «Այդ պահին ընկերուհիս զանգեց: Ինձ էր սպասում Օպերայում: Ասացի՝ վատ եմ զգում, չեմ կարողանում գալ, խնդրեցի, որ ինքը գա»: Նունեի դիմացով մի փոքրիկ երեխա էր անցնում`ջրի շիշը ձեռքին. «Եկավ, շիշը մեկնեց ինձ ու ասաց`քուրիկ, խմիր, քեզ մի քիչ լավ կզգաս»,- պատմում է Նունեն:
20-մայա Նելլին էլ հիշում է` Հանքավանում երեխաների ճամբար էր կազմակերպվել, ինքն էլ ջոկատավար էր. «Մի երեխա եկավ, ինձ ասաց, որ անունս ուզում է փորագրել փայտին: Երեկոյան բերեց, միայն «Ն» տառն էր նման «Ն»-ին, բայց դա կապ չունի, այնքան բարություն կար այդ ամենի մեջ»,- ասում է նա: Երեխաների հետ կապված մեկ դեպք էլ է հիշում. «Դավիթիկ ունեինք, 9 տարեկան էր, եկավ, ասաց`ընկեր Նելլի, Մարուսիկի տանը տեղը կիմանաք, ես իրան եմ սիրում»: Այդ ամենը Նելլին ժպիտով է հիշում և փաստում`երեխաների հետ անցկացրած ամեն րոպեն էլ բարությամբ է լցված:
22-ամյա Ալեքսանդրն ապրում է Փարիզում, հիշում է, թե ինչպես էր պայուսակը մոռացել Էյֆելյան աշտարակի վրա, և թե ինչպես այն իրեն վերադարձրեցին. «Մի տատիկ գտել էր պայուսակս, զանգահարեց ասաց, որ պայուսակի մեջից համար էր գտել, զանգահարել էր, իմ հեռախոսահամարն էին տվել: Ասացի` մադամ, շատ բարի եք: Կգամ պայուսակս կվերցնեմ»,- պատմում է նա: Որպես շնորհակալություն`Ալեքսանդրը տատիկին մի քանի կտոր փախլավա էր տարել:
Մեզ բարի շատ երևույթներ են այսօր շրջապատում, որոնց, միշտ չէ, որ նկատում ենք:
Մենք խնդրեցինք պատահական անցորդներին ասել այնպիսի բառեր, որոնք նրանք
ասոցացնում են բարության հետ: Կներկայացնենք Ձեզ «ամենաբարիները»` մայրիկ, արև, ընտանիք, ընկեր, շոկոլադ, բնություն, երկինք, երեխաներ, Սուրբ Զատիկ, տատիկ, Լևոն Արոնյան: 🙂
Լիլիթ Սարգսյան