Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը օրերս ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` Արտակ Գեւորգյանը շարունակում է մնալ կալանքի տակ:
Արտակ Գեւորգյանի դատական նիստի օրը եւ ժամը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առեւանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գեւորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել էր: Արտակ Գեւորգյանը ձերբակալվել է, այնուհետեւ կալանավորվել էր:
Կարդացեք նաև
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն էին կատարել նրան պատկանող, Երեւան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: