Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտաբուխ աղոթք Նորավանքում

Սեպտեմբեր 30,2012 13:23


«…ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20)

 

Ուխտագնացությունը յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի կյանքի մի մասն է, հոգևոր վերածնունդ տանող ճանապարհը: Դրա միջոցով մարդը փոքրիկ քայլերով մոտենում է Աստծուն, հաղորդակից  դառնում Նրա սուրբ խորհուրդներին:

Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի անդամների  հերթական ուխտատեղին Նորավանքն էր: 14-րդ դարի նշանավոր վանական այս համալիրում ուխտավորներն իրենց  աղոթքը բարձրացրեցին առ Աստված` հայցելով Նրա օրհնությունն ու օգնականությունը:

«Ուխտագնացությունը բացառիկ առիթ է, որը հնարավորություն է ընձեռում  մի ակնթարթ սեփական մտածումների մեջ առանձնանալու, առօրյա կյանքի թելադրություններից մեկուսի` պարզ մտքով խորհելու, վերարժևորելու սեփական կյանքի ընթացքը և, ի վերջո, վերագտնելու հոգևոր անդորրն ու կապն Աստծո հետ: Այն մարդու սրտում մեծապես բորբոքում ու նորոգում է աղոթքի ջերմեռանդությունը` ի խորոց սրտի խոսելու Աստծո հետ: Դարեր շարունակ ուխտավորի աղոթքներով լցված վանքերը, հոգևոր ջերմ զգացումներն ու ապրումները, ինչպես նաև միասնական աղոթական ոգին լցնում են հոգու դատարկությունը, զորություն, ուժ և նույնիսկ նախանձախնդրություն հաղորդում` առավել հաստատուն կերպով մնալու հավատքի մեջ», – նշում է ուխտագնացության կազմակերպիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ժորա սարկավագ Սարգսյանը:

Կիսելով ուխտագնացության ընթացքում ունեցած տպավորությունները` Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» միության անդամ եւ «Մանանա» ծրագրի մասնակից Լուիզան ասաց. «Ուխտագնացությունների ընթացքում շփվելով հոգեւորականների հետ, լսելով նրանց խորհուրդները` երեւույթները նորովի ընկալելու եւ գիտելիքներ ստանալու հնարավորություն է ստեղծվում, իսկ սրբավայրեր այցելելը եւ դարերի խորքից պահպանված պատերի ներքո աղոթելը հոգևոր ներդաշնակություն ու հանգստություն են հաղորդում»:

Երուսաղեմի ուխտավորներին մահտեսի են կոչում, ովքեր հաճախ մեծ դժվարությամբ հասնում են Երուսաղեմ` տերունակոխ վայրերը համբուրելու համար: Այդպիսին պետք է լինի հավատացյալի ճշմարիտ ուխտը: Թերևս ուրախալի էր, որ դեպի Նորավանք ուխտագնացության ամբողջ ընթացքում «Մանանայի» երիտասարդների մոտ նկատելի էր  Աստծո առջեւ սիրտն ու հոգին բացելու, ի խորոց սրտի Աստծո հետ խոսելու ջերմ ցանկություն:

«Մանանա» ծրագրի շրջանակներում արդեն մի քանի ուխտագնացությունների եմ մասնակցել, որոնք դարձել են կյանքիս ամենահիշարժան օրերը…Յուրաքանչյուր ուխտագնացություն առանձնանում է իր նպատակով, զգացողություններով ու հույզերով: Յուրաքանչյուրից ստանում եմ հոգևոր կարևոր գիտելիքներ, որոնք ավելի են մոտեցնում Աստծուն: Ուխտագնացությունը լավագույն հնարավորությունն է Բարձրյալի հետ անկեղծ շփման համար», – նշեց  «Մանանա» ծրագրի մասնակից Գոհար Աբրահամյանը:

 

 

 

 

 

Մարիամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930