Այն դիտարկմանը, որ «փողերի լվացման»մեղադրանքը կարծես թե օրինաչափ է դառնում նախկին արտգործնախարարների դեպքում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Եթե նկատի ունեք Ալեքսանդր Արզումանյանին, ապա նա այսօր հաջողությամբ աշխատում է ԱԺ-ում: Երկուշաբթի բոլորս կծանոթանանք դատախազի միջնորդությանը, եւ յուրաքանչյուրն իր խղճի ու արժեքային համակարգին համապատասխան կիրականացնի քվեարկություն: Բայց մի բան պետք է մենք հասկանանք, որ եվրոպական երկրներում՝ Հելմուտ Քոլի, Նիկոլա Սարկոզիի, Ժակ Շիրակի նման մարդկանց նկատմամբ ներկայացվել է մեղադրանք, եւ նրանք, իբրեւ մեղադրյալներ, գնացել ու ցուցմունք են տվել դատարաններում, ու դա չի դիտվել որպես քաղաքական հետապնդում: Մենք պետք է գիտակցենք, որ դատարաններն անկախ են, ու եթե մենք ուզում ենք ժողովրդավարության զարգացում, դա պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքար, իրավական խնդիրները իրավական դաշտում հստակ լուծում ստանան»:
Իսկ թե ինչու հանկարծ ձերբակալեցին Սոցիալական ապահովության պեետական հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, եւ արդյոք դա տպավորություն ստեղծելու համար չէր, որ միայն Օսկանյանի դեմ չեն իրավապահ մարմինների գործողությունները, նա պատասխանեց.
«Մեզ համար մերոնք ու ձերոնք չկան, իրավապահների համար պետք է լինեն օրինախախտներ եւ ոչ օրինախախտներ: Նման մեկնաբանությունները ես մանկապարտեզային մակարդակի եմ համարում, դա ծիծաղելի մեկնաբանություններ են: Չի կարող հանրապետության նախագահը մի ցուցակ տա, ու ասի, որ այս ցուցակի առաջին 20 մարդիկ անձեռնմխելի են, սրանք ինչ ուզեն, կարող են անել, մյուսներին բռնեք: Ո՞վ կհավատա դրան: Որեւէ մեկը չպետք է պատգամավորական իմունիտետ ունենա, եւ, ընդհանրապես, պետք չէ պատգամավորական անձեռնմխելիությունը չարաշահել»,- ասաց նա։
Արդյոք Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործողությունները պայմանավորված չեն նախագահի առաջիկա ընտրություններով, քանի որ նրան դիտարկում են նաեւ իբրեւ հավանական թեկնածու՝ ԱԺ փոխնախագահն ասաց, թե պարոն Օսկանյանն այն գործիչը չէ, որ ունի նման ֆանտաստիկ վարկանիշ.
«Պարոն Օսկանյանը քաղաքական գործիչ է ու չեմ կարծում, որ նման բարձր ժողովրդականություն է վայելում: Գոնե իր կուսակցությունում կան մի քանի գործիչ, որոնք նրանից ավելի բարձր վարկանիշ ունեն»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ