«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործում տեսնում է քաղաքական դրդապատճառներ և անգամ մարդկայնորեն կարեկցում է նրան, բայց ոչ իբրև պետական գործչի: Այս մասին Սուրեն Աբրահամյանը հայտնել է Tert.am –ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է իր դիրքորոշումը Հայաստանի նախկին արտգործնախարարին որպես մեղադրյալ ներգրավելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի կապակցությամբ:
«Վարդան Օսկանյանն իր մաշկի վրա պետք է զգա այն, ինչ մենք ենք զգում, առհասարակ, 10 տարի շարունակ: Հատկապես «Մարտի 1-ին» ռեժիմին պաշտպանելու իր անբարո վարքագծի ու անմարդկային դրսևորումների համար պետք է Վարդան Օսկանյանն այս ամենը զգա իր կաշվի վրա: Սա պետք է դաս լինի մնացած բոլորի համար, ովքեր նման վարքագիծ են դրսևորել՝ կուրորեն ծառայելու ռեժիմին: Իրենք բոլորն այդ բախտին են արժանանալու»,- ասել է Սուրեն Աբրահամյանը:
Հայաստանի նախկին արտգործնախարարի հանդեպ տարվող քրեական մեղադրանքներինանդրադարձել է նաև միջազգային մամուլը՝ ի դեմս հեղինակավոր Washington Post-ի, որն իր երեկվա հրապարակման մեջ, մասնավորապես գրել էր, որ «Օսկանյանի և Հանթսմանի նման ճանաչված և մեծ հարգանք վայելող երկու ֆիգուրներին հետապնդելու որոշումը, սարսափեցնող է»:
Ի պատասխան հարցի, թե Վարդան Օսկանյանի դեմ հետապնդումներով արդյոք կտուժի՞ Հայաստանի միջազգային վարկը, Սուրեն Աբրահամյանը բացասական պատասխան է տվել: Ըստ նրա՝ երկրի միջազգային վարկը նոր չէ, որ պետք է տուժի և ասել է, որ «սրանից ավել ի՞նչ տուժի», և մյուս կողմից էլ՝ Հայաստանի պատմության մեջ կալանավորված արտգործնախարարը նույնպես նոր չէ, քանի որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երկու անգամ կալանավորված է եղել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արզումանյանը կալանավորվել է մի անգամ՝ նույն փողերի լվացման, երկրորդ անգամ՝ 2008 «մարտի 1-2-ին» զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: