ՀՀ մշակույթի նախարարության «Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում» Հայաստանի Բնության պետական թանգարանում տեղի ունեցան նկարիչներ Ժիրայր Մարտիրոսյանի, Յաշա Խաչյանի, Արամ Մաշուրյանի եւ Լիլի Մեսանյանի ցուցահանդեսները` «Ճանապարհ դեպի Սյունյաց բնաշխարհ» խորագրով:
ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը ներկայացրել էր «Գորիսի ժայռերը», «Լաստիսար», «Մեր Գորիսը», «Տեսարան Սիսիանից», «Աշունը Գորիսում», «Որոտան գետ» եւ այլ գործեր: Նկարիչն այսօր Գորիսում մասնակցում էր «Գորիսյան օրեր» մշակութային միջոցառմանը, այդ իսկ պատճառով ներկա չէր ցուցահանդեսին:
Aravot.am-ի հետ զրույցում Ժ. Մարտիրոսյանի կինը` Նադյա Սեւոյանն ասաց, որ «Գորիսյան օրերի» շրջանակում կազմակերպվել են նկարների եւ կարպետների բացօթյա ցուցադրություններ. «Ամուսինս տարբեր ոճերում է ստեղծագործում` աբստրակտ, գրաֆիկա, սյուրռեալիզմ: Մի ժամանակ նա աշխատում էր օխռայով` բնական շագանակագուն ներկով, եւ նկարները «մութ» էին ստացվում: Հետո նա կարծես միանգամից փոխվեց եւ սկսեց վառվռուն գործեր նկարել»:
Տիկին Սեւոյանը հավելեց, որ յուրաքանչյուր օր Գորիսում կարելի է բնության նոր անկյուն բացահայտել. «Որոտանի կիրճում գեղեցիկ բնապատկեր հայտնաբերեցինք, որտեղ էլ ամուսինս նկարեց «Որոտան գետը»:
Նկարիչ եւ ճարտարապետ Յաշա Խաչյանի խոսքով` նկարչությունը եւ ճարտարապետությունը լրացնում են մեկը մյուսին. «ճարտարապետությունն ինձ կերակրում է, իսկ նկարչությունը` հանգստացնում: Գորիսի բնությունը պատկերելու համար պետք է հոգով զգաս այն: Հիսուն տարի է, ինչ ապրում եմ այնտեղ, սակայն դեռես դժվարանում եմ լիովին զգալ այդ բնությունը, որը խորն է իր ձորերի պես»:
Հավելենք, որ միջոցառման ընթացքում երույթներով հանդես եկան Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաները: