Սեպտեմբերի 27-28-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով Բեռլին ժամանեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը: Գերմանական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անթիե Լեենդերթսեն:
ԳԴՀ արտաքին գերատեսչությունում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար և հյուպատոսական հարցեր: Փոխնախարար Մնացականյանը գերմանական կողմիններկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների ընթացքը:
Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում Ռամիլ Սաֆարովի ներման ու հերոսացման հարցին: ՀՀ ԱԳ փոխնախարարն այդ կապակցությամբ ներկայացրեց հայկական կողմի մոտեցումները:
Երկուստեք կարևորվեցին քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:
Այցի շրջանակներում Բեռլինում փոխնախարար Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ վարչապետի աշխատակազմի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վարչության տարածաշրջանային բաժնի վարիչ դոկտոր Քրիստոֆ Իսրանգի և ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի հետ:ԱԳ նախարարի տեղակալ Մնացականյանը Բեռլինի Գիտություն և քաղաքականություն հիմնադրամի (SWP) կենտրոնակայանում հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բանախոսությամբ, որին հետևեցին քննարկումներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ