Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 29-ը` Սրտի համաշխարհային օր

Սեպտեմբեր 29,2012 17:05

2000 թվականից ի վեր` ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օրը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են: Սրտային հիվանդություններից ու կաթվածից ամեն տարի ամբողջ աշխարհում 17,3 միլիոն մարդ է մահանում ու տարեցտարի այդ թիվն աճում է: Կանխատեսվում է, որ 2030-ին այդ ցուցանիշը կհասնի տարեկան 23 միլիոնի, որն ավելին է, քան Ավստրալիայի բնակչությունը:

Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սրտային հիվանդություններից և ինսուլտից վաղաժամ մահերի առնվազն 80%-ից հնարավոր կլինի խուսափել, եթե հսկվեն հիմնական ռիսկի գործոնները` ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը:
Այս տարի Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Մեկ աշխարհ, մեկ տուն, մեկ սիրտ»:
Որպես 2011 թվականին մեկնարկած «Ընտանիքի առողջ սիրտ» թեմայի շարունակություն` 2012-ը պետք է լինի սրտանոթային հիվանդությունների կանխարգելման տարի կանանց և երեխաների համար: Սրտանոթային հիվանդությունները սովորաբար համարվում են տարեց մարդկանց կամ տղամարդկանց հիվանդություններ: Եվ կանայք թերագնահատում են իրենց սրտանոթային հիվանդությունների ռիսկը, չնայած որ տարեկան 17,3 միլիոն մահացության կեսը բաժին է ընկնում հենց նրանց:
Երեխաները ևս ռիսկի խմբի մեջ են, քանի դեռ պատշաճ ուշադրություն չի դարձվում նրանց առողջ կենսակերպին: Եթե սրտի առողջությանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, ապա այսօրվա երեխաները վաղը կընդգրվեն սրտանոթային բարձր ռիսկի խմբի մեջ:
Կանայք և մայրերը հաճախ իրենց ընտանիքի առողջության պահապաններն են, հետևաբար սրտի առողջության պահպանման բանալին հենց նրանց ձեռքում է:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը շարունակում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը:
Ըստ 2011 թվականի Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների` Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բուրգում հիվանդություններն ունեն հետևյալ հաջորդականությունը. արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 48%, չարորակ նորագոյացություններ` 19.9%, շաքարային դիաբետ` 4.8%, վնասվածքներ և թունավորումներ` 4.9%:

2011 թվականին Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության մակարդակը (48%) գրեթե 2.7 անգամ գերազանցել է տարածվածության (17.3%) մակարդակին:

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների կառուցվածքում առավել տարածված են հիպերտենզիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի անոթային հիվանդությունները:
Այս ամենն արդյունք է այն բանի, որ մեր բնակչությունը վարում է ռիսկային վարքագիծ: Հայաստանի Հանրապետության չափահաս բնակչության շրջանում 2009 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյուքներով բարձր է ծխախոտի օգտագործումը, խնդիր են գիրությունը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, արյան բարձր ճնշումը:

ՀՀ Առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930