Անկախության ծննդյան օրը նշանակալից էր բոլորիս համար, բայց այ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 22-ը ոչ պակաս կարևոր ու նշանակալից էր մի քանի հանրային դեմքերի համար, ովքեր ծնվել են հենց այդ օրը: Սեպտեմբերի 22-ին իր 25-ամյակն էր տոնում Միհրան Ծառուկյանը. նրա ֆեյսբուքյան էջը ողողված էր բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով: Երգչի պրոդյուսերի խոսքով՝ նա իր ծննդյան օրը շատ համեստ է նշել, օրն անցկացրել է աշխատանքային ընկերների հետ:
Միհրան Ծառուկյանից բացի սեպտեմբերի 22-ին իր ծննդյան օրն է նշել հաղորդավար, լրագրող Արտակ Վարդանյանը: Հաղորդավարին առաջին անակնկալը մատուցել են դասընկերուհին ու նրա ընկերը: «Դեռ սեպտեմբերի 21-ին, երեկոյան 9-ի կողմերն ինձ հրավիրեցին զբոսնելու, քաղաքում զբոսնեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք: 11:30-ի կողմերը գնացինք կարաոկե, բայց ես տրամադրված չէի ծնունդս նշելու մինչ ժամը 00:00-ն, երբ կարաոկեում սկսեցին երգել «Happy Birthday» Ամենահետաքրքիրն այն է, որ բացի դասընկերուհուցս ու նրա ընկերոջից, բոլորն ինձ անծանոթ էին, բայց շնորհավորում էին, նույնիսկ նվերներ ստացա, շատ հաճելի էր»,- «Yes»-ին պատմել է Արտակը:
Վերջերս խոսակցություններ էին պտտվում, թե հաղորդավար Սուրեն Փահլեվանյանը և Յանա Դանիելյանը ամուսնալուծվում են: Սակայն mamul.am-ի հետ զրույցում Յանան հերքել է լուրն, ասելով. «Նման բան չկա: Չգիտեմ` ո՞վ է այդպիսի բան տարածում կամ որտեղից են վերցնում այդ լուրերը: Հավանաբար նախանձում են. միգուցե կան մարդիկ, որ դա շատ են ցանկանում, բայց պետք է հիասթափեցնեմ. մեր հարաբերություններում ամեն ինչ հրաշալի է ու պետք չէ հավատալ ստահոդ լուրեր տարածողներին»:
Ժողովուրդը մե’րթ բաժանում է հանրային դեմքերին, մե’րթ միացնում, իսկ ճշմարտությունը պարզելն էլ թողնում է ԶԼՄ-ներին: Հիմա էլ լուրեր են տարածվել, թե «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը և «Անուրջներ» հեռուստասերիալի դերասանուհիներից Մարիամ Շահինյանն ընկերություն են անում: Պատճառն այն է, որ վերջերս նրանց հաճախ են միասին տեսնում տարբեր միջոցառումների ժամանակ: «Մեզ հետ զրույցում Մարիամ Շահինյանը, ով վերոնշյալ սերիալում մարմնավորում է Մառային, նշեց, որ Գոռի հետ շատ մտերիմ ընկերներ են. «15-16 տարեկանում զգացմունքներ եղել են, բայց այժմ շատ լավ ընկերներ ենք: Հնարավոր է` մեզ հաճախ են միասին տեսնում, ինձ էլ են հարցնում` արդյոք ընկերություն ենք անում, բայց ասեմ, որ ընտրյալ չունեմ և սիրտս ազատ է», – գրել է «Yes»-ն ու նշել նաև Գոռի պատասխանը, ով նույնպես հերքել է Մարիամի հետ ընկերություն անելու լուրերը:
Տիգրանուհի Թասլակյան