Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ս. Սաֆարյանը՝ Մամեդյարովի և Դավութօղլուի ելույթների մասին. «Մեղադրողը իրենք չպիտի լինեին, այլ Հայաստանը»

Սեպտեմբեր 29,2012 16:30

Ինչպես արդեն Aravot. am-ը տեղեկացրել է, երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի տարեկան ընդհանուր ժողովում ելույթ են ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նրանք երկուսն էլ ՄԱԿ-ի ամբիոնից խոսել են ԼՂ հարցի կագավորման մասին՝ այն տեսնելով միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ: Ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին անվանել է «օկուպանտ», թե իբր պաշտոնական Երևանը ձախողում է եվրոպական կազմակերպությունների առաջարկը՝ երկու կողմերի հանդիպման առիթով:

Նշված երկու ելույթների մասին մեկնաբանություններ խնդրեցինք  «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Իհարկե, սպասելի էին այսպիսի ելույթները: Նորություն չկա թուրքերի և ադրբեջանցիների հայտարարություններում, և ակնհայտորեն պիտի փորձեին ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել ևս մեկ անգամ Հայաստանին ագրեսիայի և օկուպացիայի մեջ մեղադրելու համար: Այս կապակցությամբ ուղղակի կարծում եմ՝ նրանց լեզուն ավելի կարճ կլիներ, եթե մենք՝ պաշտոնական Երևանը, ուղղակի Սաֆարովի արտահանձնման հետ կապված միանգամայն այլ որակի մեղադրանքներ ներկայացներ: Երկրներ, որոնք ոչ միայն ուղղակիորեն կանգնած են Ռամիլ Սաֆարովի կատարած արարքի հետևում, այլ նաև նրա արտահանձնման աղաղակող փաստի թիկունքում, նրանք իրավունք չպիտի ունենային նման տոնայնությամբ խոսել ՄԱԿ-ի ամբիոնից: Մեղադրողը իրենք չպիտի լինեին, այլ Հայաստանը, քանի որ այն, ինչ արել են Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային լարվածությունը մեծացնելու համար՝ ունի հստակ նպատակներ և այդ քայլերից մեկը Սաֆարովի արտահանձնումը համատեղ գլուխ բերելն էր: Եվ եթե այս կապակցությամբ հստակ մեղադրանքներ ներկայացվեին, ապա Թուրքիայի և Ադրբեջանի նախարարների ելույթներն այլ լույսի ներքո կերևային և իրենց լեզվին այդքան ազատություն չէին տա»:

Հայաստանին՝ «օկուպանտ» անվանելու և բանակցությունները փակուղի մտցնելու մեջ մեղադրանքների մասին էլ պարոն Սաֆարյանն ասաց. «Սուտ է և հենց դա պիտի ապացուցի, որ բանակցությունները փակուղի մտցնողը մշտապես եղել է Ադրբեջանը: Ի դեպ հենց այդ բանակցություններին հարվածելու նպատակով էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը կատարվում՝ հրաշալի հասկանալով, թե ինչպիսին կլինի Երևանի ռեակցիան, որ Երևանը կհրաժարվի բանակցություններից և կհաջողի բանակցությունների ձևաչափ խցկել Թուրքիային: Հենց այս ամենի մասին պետք էր ակնհայտորեն խոսել և ցույց տալ այս կապվածությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930