«Երեւի նախագահին լավ էլ ձեռ է տալիս, էլ ո՞ւմ պիտի դներ վարչապետ, որ անընդհատ ձեռ առներ: Երեւի իրենց հանդիպումներին մի քիչ ձեռ է առնում ու հանգստանում է, այդպիսի բնավորություն ունի»,- այսօր «Դեբատ» ակումբում վարչապետի հնարավոր հրաժարականին վերաբերող լուրերն այսպես մեկնաբանեց նախկին վարչապետ , ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ու հավելեց, որ այսօրվա կառավարությունն անելիք չունի:
Անդրադառնալով նվազագույն աշխատավարձը 70.000 դրամ դարձնելու իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որը կառավարությունը մերժեց, ասաց, որ իրեն մերժման ոչ մի լուրջ հիմնավորում չեն տվել.«Ինչի՞ համաձայն չեք 70 հազարին։ Ինձ պատասխանում են՝ ստվերը կերկարի, եթե նվազագույնը մոտեցնենք միջինին, գործատուները ընդհանրապես չեն գրանցի: Մակրոէկոնոմիկայի միջին գիտելիքներ չունեն: Ախր աշխատավարձերը բարձրացնելիս օգուտն ավելի շատ կարող ենք ունենալ»:
Պարոն Բագրատյանը դեռ վաղ համարեց խոսել 2013 թվականի բյուջեի նախագծից, բայց նշեց, որ սովորաբար կառավարության ներկայացրած թվերն իրականությանը չեն համապատասխանում. «2011 թվականի բյուջեի վերաբերյալ բերել են հաշվետվություն, իբրեւ թե բյուջեն կատարվել է: Ոչ, չի կատարվել , դեռ թերակատարվել է մոտ 7 տոկոսով: Նստած են վարչապետը, ֆինանսների նախարարն ու Ազգային վիճակագրական ծառայության պետը: Հարց ես տալիս սղաճն ինչքա՞ն է եղել, ասում են՝ 4,7 տոկոս, դե մնում է ասես ստի…Իրականում 7,7 տոկոս է, նրանք այդ թիվն էլ են գրում»:
Բագրատյանը նաեւ կարծիք հայտնեց, թե հնարավոր է՝ բյուջեն ընդունվի 2 մլրդ 400 միլիոն դոլարի չափով, ինչը, ըստ նրա, անհամեմատելի ցածր է անգամ Վրաստանի բյուջեից, որը հասնում է 6 միլիարդ դոլարի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ