Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում` hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2012թ. սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» և 2012թ. սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրությունների քվեարկության օր է սահմանել 2012թ. դեկտեմբերի 2-ը և հաստատել ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի մարզի Խորոնք համայնքում 2012թ. հոկտեմբերի 28-ին կայանալիք համայնքի ղեկավարի նոր ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Բաշխումն ունի հետևյալ տեսքը` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` «Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ:
ԿԸՀ մամուլի ծառայություն