Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը «բանդայի գործով» դատական հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 15-ին:
Իսկ այսօրվա նիստին, որը տեւեց հինգ րոպե, դատարան էին բերվել մեղադրյալներ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, իսկ վեցերորդ ամբաստանյալը` Քյարամ Ամոյանը, դատապարտյալների հիվանդանոցից չէր բերվել դատարան: Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ ստացվել է բժշկի ռուսալեզու տեղեկանքն այն մասին, որ խորհուրդ չի տալիս կալանավորին մասնակցել նիստին: Դատավորը նաեւ հայտնեց, որ հարցում կարվի դատապարտյալների հիվանդանոց` պարզելու համար, թե Ամոյանը միայն այսօր չէ՞ր կարող մասնակցել նիստին, թե՞ ընդհանարապես:
Նշենք, որ այսօրվա դատաքննության համար ընտրվել էր դատարանի ամենամեծ դահլիճւը` 5-րդը: Դահլիճի առաջին երեք շարքերը զբաղեցրել էին ոստիկանները, իսկ ամբաստանյալները շրջապատված էին ուղեկցող ոստիկաններով եւ հնարավոր չէր տեսնել նրանց դեմքը: Հեռուստաօպերատորների համար տեղ էր հատկացվել դահլիճի ամենավերջին տեղում, լրագրողների համար` չորրորդ շարքում: Ամբաստանյալների հարազատները, այդ թվում` Արտուշ Հակոբյանի հայրը` Սուրիկ Հակոբյանը` հայտնի «Սուրիկի լավաշի» տերը, ընդվզեցին ոստիկանների դեմ, որոնք չէին թույլ տալիս գոնե մի վայրկյանով տեսնել ամբաստանյալների դեմքը` ասելով` տեռոորիտնե՞ր են, ի՞նչ են: Մի կին նույնիսկ արտասվելով բարձրացել էր աթոռի վրա` ցանկանում էր տեսնել որդու դեմքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ