ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը անդրադառնալով երեկ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությանն՝ ասաց, որ գործով էլի մեղադրվողներ կան.«Էլի շատ մարդիկ կան, գործը դեռեւս չի ավարտվել»:
Նա, սակայն, չհստակեցրեց, թե առաջիկայում ոլորտի նախկին ղեկավարներ էլի կձերբակալվե՞ն, թե՞ ոչ: Միայն ասաց, որ ցավում է Խաչիկյանի համար. «Մարդիկ, որոնք հանցագործություն են կատարում, պետք է պատասխան տան: Խաչիկյանի համար շատ ցավում եմ, որովհետեւ բավականին լուրջ կենսագրութուն ունեցող տղա է: Չեմ էլ կարծում, որ իմ ընկերները կամ բարեկամները հոգեբանորեն այլ կարծիք կարող են ունենալ: Բայց ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա»:
Մեր հարցին, թե Խաչիկյանի ղեկավարած ծառայությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ է գործել, իսկ չարաշահումները մենա՞կ է թույլ տվել, պարոն Սահակյանն ասաց. «Կարող է սոցապ նախարարը ոչ մի բան չի իմացել, կարող է իմացել է, ինչ կասկածելի հարցադրումներ են, որ փորձում եք դրանց պատասխանը ստանալ»:
Նա նաեւ մեկնաբանեց Խաչիկյանի ձերբակալությանը վերաբերող լուրերը, թե նախընտրական շոու էր կամ քաղաքական առեւտուր. «Մեր մտքերն են արդեն առեւտրի գործիք դարձել: Եթե ընտրություններից հետո լիներ, պետք է այս անգամ էլ բամբասանքներ գնային, թե սպասեցին ընտրությունները պրծնի, նոր անեն: Ընտրություններից մեկ տարի հետո լիներ,պետք է էլի խոսեին: Մեղավոր չեմ, որ կասկածամիտներ կան: Լավ կլինի, որ մարդիկ լրջանան ու ռեալ կյանքով ապրեն: Մարդիկ, որոնք հանցագործություն են կատարում, պետք է պատասխան տան: Ի՞նչ կապ ունի քաղաքական դաշտը, հանցագործությունը քաղաքական դաշտի քննարկման խնդիր չէ, իրավական դաշտի խնդիրն է ու չպետք է քաղաքական գնահատական տալ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ