Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. «Հիմա Հայաստանն այլեւս չունի «խաղաղության գործընկեր»

Սեպտեմբեր 29,2012 13:49

Ստորեւ բերված հարցազրույցները հակամարտող հասարակություններում, բանակցային գործընթացում եւ միջազգային մակարդակում, այսպես կոչված, «Սաֆարովի գործի» ունեցած ազդեցությունների եւ դրանց հնարավոր զարգացումների մասին  են: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

                                                                 «Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Հիմա Հայաստանն այլեւս չունի «խաղաղության գործընկեր»

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ

– Ի՞նչ ազդեցություն կունենա Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռ. Սաֆարովի ներումն ու խրախուսումը: Հնարավո՞ր է վերջնականապես ընդհատվեն խաղաղ բանակցությունները:

–  Ադրբեջանի կողմից անընդունելի որոշումը՝ ոչ միայն ազատել, այլեւ ներում շնորհել ու բարձրացնել Սաֆարովի կոչումը, ինքնին արդեն դիվանագիտական ճգնաժամ է: Միեւնույն ժամանակ այս ճգնաժամը կարող է հայկական արտաքին քաղաքականության համար պարտությունից վերածվել հաղթանակի մի քանի պատճառներով: Առաջին՝ այս ճգնաժամը կարող է տալ Ադրբեջանից միջազգային ավելի մեծ հիասթափությունն օգտագործելու հնարավորություն. այդ գործում Ադրբեջանի դրսեւորած վարքագիծը Բաքվի բարեկամների թիվը չավելացրեց, այլ հակառակը, Բաքվի նկատմամբ թշնամանք առաջացրեց, մանավանդ սառնասիրտ սպանության եւ այն պատվի պատճառով, որին արժանացավ մարդասպանն Ադրբեջանի նախագահի կողմից:

Երկրորդ՝ այս դեպքը միայն բացահայտում է, որ Ադրբեջանը հրաժարվում է «խաղաղության գործընկեր» դառնալ Հայաստանի համար եւ, որ Բաքուն կրկին ակնհայտորեն ի ցույց դրեց, որ ինքն անհուսալի եւ կեղծավոր զրուցակից է ղարաբաղյան խաղաղ գործընթացում: Այսպիսով, Հայաստանը կարող է իրականում օգտագործել այս ճգնաժամը՝ հայտնվելու ավելի ուժեղ դիրքում: Բաքվի եւ Բուդապեշտի միջեւ գաղտնի գործարքը նաեւ վիրավորանք էր Եվրոպական Միության հասցեին: Քանի որ Հունգարիան ԵՄ անդամ է, սա նաեւ նշանակում է, այսպես կոչված, «եվրոպական արժեքների» ոտնահարում: Իսկ փաստը, որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Օբաման ստիպված էր արձագանքել եւ քննադատել ադրբեջանական քայլը, ցույց է տալիս, թե իրականում որքան նշանակալից եւ տպավորիչ էր այս դեպքը՝ որպես միջազգային հանրությանը հասցված վիրավորանք:

– Որո՞նք են Հայաստանում ծավալված հասարակական քննարկումների գլխավոր դրույթները: Ի՞նչ ուժեղ եւ թույլ կողմեր ունեն դրանք:

– Միայն արտահանձնման հարցն առանձնակի սադրիչ գործողություն չէր հանդիսանա, սակայն միանգամից ներում շնորհելու Ադրբեջանի որոշումը եղավ  կամ հետագա զարգացումների լուրջ թյուրըմբռնման, կամ դրանց լիակատար անտեսման հետեւանքով: Ավելին, հենց պետության կողմից խրախուսված հանրային կեցվածքը՝ ողջունել, փառաբանել եւ նույնիսկ պարգեւատրել դատապարտված մարդասպանին, անպայմանորեն պետք է անհապաղ եւ սպասելի արձագանք առաջ բերեր Հայաստանում: Այս կերպ, Սաֆարովի գործը դարձավ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին տարիների ամենանշանակալի ապակայունացնող ճգնաժամը:

Եվ արդեն վառ արտահայտված ու մեծացող լարվածությունը, բանակների  փոխհրաձգություններն ու ներխուժումներն էլ ավելի են խորացնում ճգնաժամը, եւ շատ քիչ նշաններ կան, որ կողմերից որեւէ մեկը կարող է կամ ցանկանում է հետ քաշվել:

Թեեւ սա կարելի է մեկնաբանել որպես չմտածված եւ մեծամիտ միակողմանի քաղաքականություն, բայց իրականում Ադրբեջանի կողմից ցանկացած եւ բոլոր բացասական արձագանքների անտեսումը, դրանց մերժումը կապված է այնտեղ կուտակված հիասթափության հետ: Այդ հիասթափությունը, որը մեծապես պայմանավորված է ԼՂ խաղաղ գործընթացում որեւէ իրական առաջընթացի բացակայությամբ, նաեւ բացատրում է ճգնաժամի խորացումը նույնիսկ ներում շնորհելուց հետո: Ճգնաժամի խորացման հիմնական պատճառը հասարակական հնչեղությամբ միջոցառումն էր: Այն գլխավորում էր Ադրբեջանի ՊՆ Սաֆար Աբիեւը եւ ըստ էության Ռամիլ Սաֆարովի կոչումը լեյտենանտից մայոր բարձրացնելու արարողակարգ էր. անսովոր մի քայլ, որով բաց թողնվեց սպայական միջանկյալ մի կոչում: Սաֆարովը նաեւ ստացավ հունգարական բանտում անցկացրած  ժամանակահատվածի (ութ տարվա) համար հաշվարկված աշխատավարձից էլ ավելի գումար: Նրան նվիրեցին թանկարժեք բնակարան Բաքվում:

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի՝ իր քայլերի նշանակությունը եւ հետագա զարգացումների անշրջահայաց անտեսումը նաեւ ցույց է տալիս միջազգային հանրության սահմանափակ կարողությունը՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Այս արտաքին անկարողությունը նաեւ Բուդապեշտի եւ Բաքվի միջեւ ընթացած արտահանձնման քննարկման կարեւոր տարր էր, քանզի ադրբեջանցի պաշտոնյաները վստահեցնում էին հունգարացի պաշտոնյաներին, որ իրենք լիովին պատրաստակամ են եւ անգամ շատ են ցանկանում իրենց վրա կրել միջազգային քննադատության ծանր հարվածը:

Թե հայկական, թե ադրբեջանական կողմերի համար, ճգնաժամը նաեւ ունի ակնհայտ ներքաղաքական համատեքստ: Երկու կողմերի համար էլ ճգնաժամը միտված է նախագահի շուրջ բնակչության համախմբմանը, օգնում է թուլացնել ընդդիմությանը՝ ներկայացնելով այն որպես դավաճանների, հնարավորություն է տալիս կառավարությանը ձեւավորելու եւ վերահսկելու ազգայնական կեցվածք հրահրող նոր քաղաքական դիսկուրսը, տալիս է ազգային հպարտությունը ցուցադրելու հնարավորություն, նաեւ շեղում է ավելի հրատապ ներքաղաքական բացթողումներից: Բայց Հայաստանի համար ճգնաժամը տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, որն ինքնին քաղաքական դիվիդենդներ ապահովեց իշխող Հանրապետական կուսակցությանը. այն տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ի կարեւոր տեղական ընտրություններից մեկ շաբաթ առաջ, եւ մինչեւ 2013թ. փետրվարի նախագահական ընտրություններն ընկած ժամանակահատվածում այս հարցում կայուն ժողովրդականության պատճառով տալիս է Ս. Սարգսյանին վերընտրվելու հնարավորություն:

– Կկասեցվե՞ն հայկական եւ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների միջեւ շփումները, եւ ընդհանրապես, որքա՞ն օգտակար է այսուհետ լինելու հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջեւ համագործակցությունը:

–  Խնդիրը հիմա այն է, թե ինչպես կարելի է վերականգնել երկխոսությունը: Շատ առումներով Հայաստանն այլեւս չունի «խաղաղության գործընկեր», քանի որ Ադրբեջանն անցել է բոլոր խելամիտ սահմանները: Ժամանակ կպահանջվի, բայց երկխոսությունն անհրաժեշտ է կողմերից յուրաքանչյուրին:

– Ինչո՞վ է պայմանավորված համանախագահ երկրների, եվրոպական կառույցների բացասական վերաբերմունքը կատարվածի հանդեպ: Կոնկրետ ինչի՞ կարող է հանգեցնել Ռ. Սաֆարովի հարցի մասին Եվրախորհրդարանի  որոշումը:

–  Հունգարիայի հետ բոլոր դիվանագիտական կապերը խզելու Հայաստանի որոշումից հետո, Արեւմուտքն ընդհանրապես, իսկ Եվրամիությունը մասնավորապես, հիմա կանգնած են Հայաստանը բավարարող մարտահրավերի առաջ՝ բավականին ուժեղ արձագանքելու այս ամենին: Հակառակ դեպքում  Հայաստանի եվրոպական զարգացման ռազմավարությունը կարող է լրջորեն խաթարվել եւ Հայաստանի կառավարության համար դառնալ քաղաքական տեսանկյունից չարդարացված:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930