Ի՞նչ է ասում բժշկին հիվանդի օբյեկտիվ վիճակը
Գոտկատեղի օստեոխոնդրոզով տառապող (հենաշարժողական համակարգում խնդիրներ ունեցող) հիվանդն այսօր չի կարողանում հաշմանդամության կարգ ունենալ, քանզի պոլիկլինիկայի նյարդաբանը բացատրել է, որ ԲՍՓՀ (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) ուղեգրելու համար պետք է առնվազը մի 4-5 օր ստացիոնար բուժում ստանալ, հետազոտվել, ինչը հիվանդի վրա կնստի առնվազը 160 000 դրամ կամ անցնել Յամեր (MRT) հետազոտություն, ինչն էլ կազմում է մոտ 89 հազար դրամ: Գործազուրկ քաղաքացին շուրջ 4 տարի բուժվել է բնակավայրը սպասարկող վաստակաշատ ու բանիմաց բժիշկների՝ նյարդաբանի ու թերապեւտի մոտ (այդ մասին կան ամբուլատոր քարտում գրառումներ), ստացել է նաեւ մասնավոր բժշկում, ընդունել է բոլորի նշանակումները: Չի կարելի ասել, թե բուժումներն անհետեւանք են եղել: Դրանք կարճաժամկետ թեթեւացրել են ցավերը, բայց հիվանդությունն առաջադիմում է: Եթե նախկինում հիվանդը կարողանում էր ցավը խեղդել, ցույց չտալ, ապա այսօր դա անհնար է՝ գոտու շրջանի 24-ժամյա ցավերն ուղղորդվում են սուր-սուր, խորը ծակոցներով, աջ ոտքը չի զգում, ծունկը նորմալ չի աշխատում, անգամ միզպահության խնդիր է առաջացել: Առողջության պատճառով կորցրել է աշխատանքն ու նոր՝ հարմար աշխատանք գտնելու հույսը: Պարզվում է՝ հաշմանդամության կարգ ստանալն ավելի բարդ խնդիր է: Յամեր հետազոտություն անցնելու նպատակով դիմել է նաեւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, սակայն ստացել է բացասական պատասխան, քանզի նմանատիպ օգնություն ցուցաբերվում է ՀՀ կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» հ. 318 որոշման հ.1 հավելվածով սահմանված՝ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված ՀՀ քաղաքացիներին: Հասկանալի է, եթե մարդն ունի նշված խմբերում ընդգրկված լինելու փաստաթուղթ, ապա կարող է ներկայանալ տարածքային պոլիկլինիկա՝ պետության կողմից երաշխավորված, անվճար հետազոտում անցնելու համար: Մեր հիվանդը չունի հաշմանդամության կարգ, սոցիալապես խոցելի ոչ մի խմբի չի պատկանում (զոհվածի…): Փաստորեն, մեզանում գործազուրկի կարգավիճակ ունեցողը (գործակալությունում հաշվառված նպաստառուն) սոցիալապես անապահով չի համարվում: Ինչո՞ւ: Պատճառը, կարծում եմ, մեզանում ոլորտի գործող թերի ու անկատար օրենքներն են: Գուցե անվերջ կարկատվող օրենքների մեջ մի օր էլ կլրացվի այս բացը, ո՞վ իմանա, եթե բարեհաճեն ոլորտի պատասխանատուները: Ինչեւէ… Գործազուրկ հիվանդը զգում է իր առողջության արագընթաց փոփոխությունը, ստացած բուժումներն անօգուտ են, նրա առողջության օբյետիվ վիճակը գնահատելու փոխարեն, գործերը ԲՍՓ հանձնաժողովին ներկայացնելու փոխարեն, պոլիկլինիկան ուղղորդում է այս կամ այն պաշտոնյայի դուռը, օրերը ամիսներ դարձնելով: Մինչդեռ հիվանդի մոտ նոր ախտանիշներ են ի հայտ գալիս՝ գոտկատեղն այրվում է, աջ ոտքն ուռչել է, ծանրացել, անվերջ մզմզում-մրմռում է, աստիճանները բարձրանալիս հաճախ վայր է ընկնում՝ աստիճանի բարձրությունը չհաղթահարելու պատճառով ու մի անգամ եւս հայտնաբերում, որ օր օրի ոտքն անկառավարելի է, դժվարությամբ է քայլում, հաճախ էլ՝ ուղեկցողի օգնությամբ: Այսպիսով, պոլիկլինիկան կամ իրավասու չէ, կամ վախենում է հիվանդի օբյեկտիվ վիճակի քննությունն իրականացնել, գնահատական տալ, կամ էլ հրահանգված են՝ չավելացնել հաշմանդամների թիվը, այլապես 088 ձեւը (ուղեգիր) տալու համար թանկարժեք թուղթ՝ «բարաթ» չէին պահանջի, ինչը մեր օրերում հեշտությամբ կարելի է գնել: Իսկ ի՞նչ էին անում առաջ, երբ Յամեր հետազոտությունը չկար:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Հ. Գ. Միտումնավոր չենք գրում պոլիկլինիկայի համարը, քանզի այս իրողությունը կարող է վերաբերել ցանկացածին: Հիվանդն անցել է գոտկատեղի ռենտգենագրություն եւ աջ ոտքի էլեկտրանյարդամկանագրություն ու ախտորոշվել գոտկային օստեոխոնդրոզ, մկանային թուլություն, ոտնաթաթի տարածիչ մկանների պարեզ՝ ասել է թե՝ սրունքի 1/3-ից ցածր խախտված է ոտքի ոլոքային եւ փոքր ոլոքային նյարդերով ազդակների տարածումը:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ