Բոլորն էլ ինչ-որ պահի հասնում են ծերության՝ սկսած աշխարհի հզորներից, վերջացրած սովորական մահկանացուներով: Անշուշտ, բոլորն էլ հասնելով ծերության՝ երազում են քիչ թե շատ բարեկեցիկ ապրել, բայց մեր հանրապետությունում ամենաանապահով խավը ծեր կենսաթոշակառուների մեծամասնությունն է, որոնք իրենց կենսաթոշակներով ոչ միայն չեն կարողանում գոյատեւել, այլեւ ծերությունն իրենց համար համարում են անեծք:
Սակայն զարմանալի է, որ կենսաթոշակառուների մեջ կա մի խավ՝ որ նախկին դատավորներ, դատախազության, միլիցիայի, ազգային անվտանգության ու այլ բնագավառի աշխատողներ, որ այսօր բարձր կենսաթոշակներ են ստանում, քան նրանցից շատ աշխատանքային ստաժ ունեցող բժիշկները, ինժեներները, մանկավարժները, գիտնականները:
30-40 հազար կենսաթոշակ ստացողների կողքին մենք տեսնում ենք 150, 200, 300, նույնիսկ 400 հազար դրամ կենսաթոշակ ստացողների:
Ինչո՞ւ: Այդ նախկին ո՞ր պաշտոնյաների մտքի թռիչքն է եղել: Այսքանից հետո շատ զարմանալի է, որ ՀՀ կառավարությունը կենսաթոշակները բարձրացնելիս բոլոր կենսաթոշակառուների նկատմամբ հավասար վերաբերմունք է ցուցաբերում, նույն տոկոսադրույքով, առանց տարբերակում մտցնելու 40 հազար եւ 200 հազար ու ավելի ստացողների միջեւ, որը ցածր կենսաթոշակ ստացողների համար կազմում է աննշան գումար, իսկ բարձր կենսաթոշակ ստացողների համար՝ լրացուցիչ շռայլության աղբյուր:
Կարդացեք նաև
Գուցե այսօր մեր պետությունը հնարավորություն չունի ցածր կենսաթոշակները կրկնապատկելու, եռապատկելու, բայց կենսաթոշակները բարձրացնելիս կարող է սահմանել կենսաթոշակների քանակի մի սանդղակ ու այդ սանդղակից ցածր կենսաթոշակ ստացողների թոշակները բարձրացնել կրկնակի դրույքաչափով, քան այդ սանդղակից բարձր կենսաթոշակ ստացողները: Ասենք՝ այդ սանդղակը թող լինի 70-80 հազարի սահմանը կամ ընտրվի ավելի հարմար սանդղակ, ու այդ սանդղակից ցածր կենսաթոշակ ստացողներինը բարձրացվի կրկնակի բարձր դրույքաչափով, քան դրանից բարձր ստացողներինը: Անշուշտ, դրանով մի փոքր կբարելավվի ցածր կենսաթոշակ ստացողների սոցիալական վիճակը, որոնցից շատերն այսօր մահը գերադասում են ապրելուց:
Ժամանակն է, որ մեր պետական այրերը լրջությամբ մտածեն այդ մասին, չէ՞ որ այսօր ամենակարեւոր հարցերից մեկը անարդարության վերացումն է ու աղքատության շեմի բարձրացումը, որպեսզի չլինեն մարդիկ, որոնք ապրելով իրենց «անկախ, ազատ» հայրենիքում՝ դառնացած չկրկնեն մեծ բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանի խոսքերը՝ «ինչներիս է պետք ոսկե լագան, որ նրա մեջ արյուն պիտ թքենք»:
ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
կենսաթոշակառու
Մի խումբ վետերանների անունից
«Առավոտ» օրաթերթ