Երեկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Կենսաթոշակային եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի» (ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ) գրասենյակում տեղի ունեցավ «Աշխատանքային ակումբների» ղեկավարների հավաք, որտեղ տարբեր մարզերից հրավիրված 17 մասնակից պատմեցին, թե ինչպես են մարդկանց օգնում աշխատանք գտնել, հասկանալ շուկայի պահանջները, ճկուն լինել եւ չկորցնել աշխատելու հնարավորությունը՝ այն պայմաններում, երբ շուկայի առաջարկը շատ փոքր է: ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի կենսաթոշակային հարցերով խորհրդատու Սուսաննա Կարապետյանի խոսքերով՝ Աշխատանքի ակումբները նպատակ ունեն օգնելու անհատներին, տնային տնտեսություններին, համայնքներին՝ առավել արդյունավետ կառավարել սոցիալական ռիսկերը եւ կարիքները, աջակցել զբաղվածների խոցելի խմբերին եւ գործազուրկներին, մասնավորապես՝ սահմանափակ հմտությունների տեր մարդկանց, կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց, որպեսզի փնտրեն եւ համապատասխան աշխատանք գտնեն, ծանոթանան գործատուների պահանջներին, աշխատաշուկայի ներկայիս վիճակին:
Նշենք, որ այդ ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք առաջադեմ նախաձեռնություններ, այդ թվում՝ Գործատուների խորհուրդներ, որոնց նպատակն է զբաղվածության ապահովման ծրագրեր ստեղծել հաշմանդամների եւ երիտասարդների համար: Ծրագիրը աջակցել է Զբաղվածության պետական ծառայություն գործակալության 17 զբաղվածության կենտրոններում աշխատանքի ակումբների ստեղծմանը: Ծրագիրը աջակցել է նաեւ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնին եւ Զբաղվածության պետական ծառայություն գործակալությանը բնակչության խոցելի խմբերի (հաշմանդամներ եւ երիտասարդներ) համար նախատեսված մի շարք զբաղվածության ծառայությունների կազմակերպման եւ տրամադրման գործում:
ԱՄՆ ՄԱԶԳ PALM ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեի խոսքերով՝ «Աշխատանքի ակումբներ»-ն աշխատանք փնտրողներին զբաղվածության ծառայություններ տրամադրելու ստեղծագործ եւ արդյունավետ գործիքներ են: Անկախ հաճախորդի հմտություններից, գիտելիքներից եւ առկա աշխատանքային կարգավիճակից՝ նոր կամ այլ բնագավառի աշխատանք գտնելը ժամանակ եւ ջանքեր պահանջող գործ է: Աշխատանքային ակումբները բաց են բոլոր աշխատանք փնտրողների համար եւ հարթակ են՝ տեղեկատվության հաղորդման եւ կապերի հաստատման: Աշխատանքի ակումբներում մասնակիցները աշխատում են միասին՝ սովորում են ինչպես ծառայություն մատուցող մասնագետից, այնպես էլ միմյանցից ռեզյումեների կազմում, գործատուների հետ հարցազրույցների եւ հանդիպումների ընթացքում համապատասխան պահվածքի մշակում:
Ա. Կ.
«Առավոտ» օրաթերթ