Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոկայանն ավերվել է, մանկապարտեզի նախկին շենքն էլ՝ ելք ու մուտքից զրկվել

Սեպտեմբեր 29,2012 13:33

Վայքի ավտոկայանը վթարային է

Վայք քաղաքի ավտոկայանը՝ կառուցված խորհրդային տարիներին, անմխիթար վիճակում է հայտնվել: Հենասյուների վրա կանգնած, արտաքնապես գրավիչ այդ կառույցի տակով է հոսում քաղաքի ոռոգման ջրատարը: Դրսից ու ներսից պատերի վրա երեւացող ճաքերը տեսնելով՝ այնտեղ ելումուտ չեն անում ոչ միայն ուղեւորները, այլեւ աշխատակիցները (տնօրեն, դիսպետչեր, հավաքարար): Քայքայված տանիքից տարիներ շարունակ անձրեւաջրերը հոսել, ծեփաթափ են արել առաստաղն ու պատերը, ճաքեր բացել սալահատակին: Շարքից դուրս են եկել սանհանգույցները, լուսավորության ցանցը, սպասասրահում աթոռներ չկան: Անձրեւաջրից պաշտպանվելու նպատակով եթե որեւէ ուղեւոր առանց անձրեւանոցի ու դիմակի փորձի մտնել սպասասրահ՝ կթրջվի առաստաղի ցեխաջրի կաթկթոցից եւ գլխապտույտ կունենա  բորբոսի հոտից:

Ավտոկայանը «Հայավտոկայան» ՓԲԸ-ի սեփականությունն է, գործում է նրա ենթակայությամբ: Այստեղ ուղեւորատար վարորդների համար ուղեգրեր են գրվում, լրացվում եւ տարին բոլոր ահագին գումարներ գանձվում՝ շրջանցելով ուղեւորների սպասարկման տարրական նորմերը: Օդից փող շինող հիշյալ փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վարդան Սողոմոնյանի ձեռքը չի բացվում հավաքած գումարներից բաժին հանել գոնե շենքի տանիքի ծածկերը վերանորոգելու համար: Շուտով աշնանային անձրեւները, ապա ձյունը մինչեւ գարնան գալը փլուզման կհասցնեն քաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող ավտոկայանի շենքը մի բնակավայրում, ուր վերջին քսան տարիների ընթացքում տեղի բնակիչները հավաբուն կառուցելու հնարավորություն էլ չունեն: Գոնե Վայքի քաղաքապետարանն իր ունեցած լծակներով պիտի ներազդի տնօրինության վրա՝ փրկելու ավտոկայանի շենքը մոտալուտ կործանումից:

Աստված չանի՝ հրդեհ բռնկվի

Վայք քաղաքի նախկին՝ 4-րդ մանկապարտեզի շենքը ժամանակին ունեցել է 4 ելք ու մուտք: Սեփականաշնորհվելուց հետո այն դարձել է բնակելի տարածք, ուր ապրում են շուրջ քսան ընտանիքներ, փակվել են երեք մուտքերը, մնացել է մեկը, որով հրշեջ մեքենան, աղբատարն ու շտապօգնությունը ի վիճակի չեն ներսուդուրս անել: Ստեղծված  իրավիճակի մեղավորները տարածքում ապրող որոշ արտոնյալ բնակիչներն են (նախկին ու ներկա պաշտոնյաներ): Օգտվելով հարեւան դրկիցների անտարբեր վերաբերմունքից, պետական մարմինների թողտվությունից՝ նրանք վերցրել ու անարգել ձեւով փակել են երեք մուտքերը՝ այգի-սրճարանով, տուֆաշերտ պարսպով, երկաթյա ճաղերով: Երկարել է անգամ ոտքի ճանապարհը Ջերմուկի խճուղի դուրս գալու համար: Աստված չանի՝ հրդեհ բռնկվի այդ տարածքում, հրշեջները ճարահատյալ ուղղաթիռներով պիտի գան հրդեհը մարելու:

Մարզպետարանի, քաղաքապետարանի, մարզային արտակարգ իրավիճակների վարչության նախաձեռնությամբ անհապաղ պիտի բացվեն ապօրինաբար փակված մուտքերը հենց մեղավորների ծախսերով:

ԱՐԹՈՒՐ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

«Ասպետ» թերթի գլխավոր

խմբագիր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930