Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը որ կոճակը սեղմեց՝ այդպես էլ կգնա»

Սեպտեմբեր 29,2012 13:28

Վարդան Օսկանյանի դեմ հետապնդումը ԲՀԿ քաղխորհուրդը համարում է կուսակցության դեմ հետապնդում

«Նմանատիպ գործերը մեր երկրում քաղաքական ենթատեքստ ունեն եւ քաղաքական հետապնդում են»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ներկայացրած միջնորդությանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ասաց ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է հավանական այն սցենարը, որ Վարդան Օսկանյանը ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միասնական թեկնածուն կարող է լինել նախագահական ընտրություններում, եւ արդյոք ա՞յդ պատճառով է իշխանությունը հետապնդում սկսել Օսկանյանի դեմ: Գառնիկ Մարգարյանն ասաց, որ նման ծրագիրը առնվազն անհավանական է համարում: Համենայնդեպս՝ ինքն ու իր ղեկավարած կուսակցությունը՝ լինելով ՀԱԿ անդամ, նման տեղեկություններ չունեն: «Էդպիսի բան չի կարող լինել: Էդ բոլոր խոսակցությունները, անգամ պառլամենտական ընտրությունների ժամանակ համատեղ շտաբը վերահսկելու եւ այլնի կապակցությամբ… մենք դրան դեմ ենք եղել: ԲՀԿ-ն ստեղծման օրից մաս է կազմել եւ շարունակում է մաս կազմել իշխանությանը: Էդպիսի բան չի կարող լինել: Չեմ կարծում, որ ՀԱԿ-ը կգնա նման քայլի: Մեզ Օսկանյաններ պետք չեն: Մեզ համար ՀԱԿ-ը չի կարող նման թեկնածու ունենալ»,- ասաց Գառնիկ Մարգարյանը: Նա առավել հավանական է համարում այն տեսակետը, որ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանությունը փորձում է Վարդան Օսկանյանի համար իմիջ ստեղծել: «Ինչու՝ չէ: Այդ PR-ները եւ շինծու թեկնածուները մեկ նպատակ ունեն՝ վերջում պաշտպանել Սերժ Սարգսյանին»,- ասաց նա: Ինչ մնում է խորհրդարանի դիրքորոշմանը, մեր զրուցակիցը նկատեց. «Խորհրդարանի կոճակները նախագահի ձեռքին են, եւ ինչպիսի որոշում կա՝ այնպես էլ կքվեարկեն: Սերժ Սարգսյանը որ կոճակը սեղմեց, այդպես էլ կգնա: Իսկ ի՞նչ գիտեք, որ այլ տարբերակներ չկան»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Առավոտի» հարցին՝ Ձեր տպավորությամբ այս գործում իրավական հիմնավորումնե՞րն են ուժեղ, թե՞ քաղաքական ենթատեքստը՝ պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական գործչի հետ կապված ուժային դաշտում կատարվող յուրաքանչյուր գործողություն իր մեջ անպայմանորեն ներառում է քաղաքական ասպեկտ: Աշխարհի բոլոր երկրներում է այդպես: Քանի որ միջնորդագրի իրավական կողմը վերջնականապես ներկայացված չէ, դժվար է ասել, թե ի՞նչ է Վարդան Օսկանյանը ներկայացնում: Որպես մարդ՝ անկեղծ ասեմ, որ քիչ եմ հավատում, որ Վարդան Օսկանյանը փող լվանա: Ես ոչ դատախազ եմ, ոչ իրավաբան, քիչ հավանական եմ համարում դա: Իրավական առումով՝ չգիտեմ, կներկայացնեն՝ կտեսնենք»: Արամ Կարապետյանը հավանական չի համարում այն սցենարը, որ այսպիսով իշխանությունները Վարդան Օսկանյանի համար իմիջ են ստեղծում՝ նախագահական ընտրություններում նրան երկրորդ տեղ զբաղեցրած թեկնածու «կարգելու» համար: «Օսկանյանի նման լուրջ դեր ունեցած մարդու պարագայում նման սցենարը հավանական չեմ համարում: Վարկաբեկել մարդու, ով եղել է արտաքին գործերի նախարար, ասել, որ տարել է՝ փող է լվացել, խայտառակել, հետո դրանով… չեմ կարծում: Չեմ կարծում, որ Վարդան Օսկանյանն այդ դերին համաձայնվեր: Ոչ պետական պաշտոններ զբաղեցրած մարդու պարագայում այդ տարբերակը հնարավոր է՝ աշխատեր: Բայց Հայաստանում այդ տարբերակը չի աշխատի արդեն լուրջ քաղաքական գործիչների պարագայում: Կարծում եմ՝ նմանատիպ բոլոր խոսակցությունները մեկընդմիշտ փակելու համար Վարդան Օսկանյանը չի էլ առաջադրի իր թեկնածությունը»,- ասաց Արամ Կարապետյանը: Նա լուրջ չի համարում նաեւ այն խոսակցությունները, որ Օսկանյանը ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միասնական թեկնածուն է լինելու. «Այդտեղ էլ որեւէ տրամաբանություն չեմ տեսնում՝ հաշվի առնելով պարոն Օսկանյանի անցած ճանապարհը՝ Մարտի 1 եւ այլն: Կան բաներ, որոնք անհամատեղելի են: Դա մոտավորապես նույնն է, որ ՀԱԿ-ի թեկնածուն լիներ Ռոբերտ Քոչարյանը: Այդ սցենարները մի քիչ «մանր» մարդու համար՝ կլինեին»:

Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն տարածեց, որում իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին եւ պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգնմանը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են եւ զուրկ որեւէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը»,- ասված է հայտարարության մեջ։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930