Լրահոս
Օրվա լրահոսը

Կհանձնե՞ն Օսկանյանին

Սեպտեմբեր 29,2012 13:24

Պատգամավորական անձեռնմխելիությունը ճիշտ բան է: Որքան էլ քաղաքացիները դրա դեմ բողոքեն, հատկապես ընտրություններից առաջ, որքան էլ նրանք իրավամբ պնդեն, որ կիսագողական գործարարները ձգտում են խորհրդարան մտնել՝ իրենց անպատժելիությունն ապահովելու համար, միեւնույն է՝ դա անհրաժեշտ ժողովրդավարական նորմ է: Այստեղ գործում է հայտնի իրավական սկզբունքը, համաձայն որի՝ ավելի լավ է պատժից խուսափեն 10 մեղավորներ, քան դատապարտվի մեկ անմեղ: Տվյալ դեպքում ավելի լավ է, որ, ասենք, Թոխմախի Մհերը կամ գեներալ Մանվելը պատգամավորական անձեռնմխելիություն ունենան, քան Վարդան Օսկանյանը չունենա:

Վարդան Օսկանյանի գործունեությունը՝ մինչեւ ընդդիմադիր դառնալը, ինձ առանձնապես դուր չէր գալիս: Եթե նա այնքան համոզված ժողովրդավար էր, ապա ինչո՞ւ ձայն չէր հանում, երբ ընտրություններ էին կեղծվում, ընդդիմադիրներին բանտ էին գցում եւ խոշտանգում, «Ա1+» էին փակում: Կամ՝ ինչո՞ւ շտապեց աշխատանքից ազատել դիվանագետներին, որոնք շատ մեղմ եղանակով հայտարարել էին, որ 2008 թվականին ընտրությունները պետք է արդար անցկացնել: Արտաքին քաղաքականի մեջ էլ «Մեղրիի տարբերակը» ինձ պարզապես սարսափելի է թվում՝ լավ է, որ այն չիրականացավ: «Մարտի 1-ի» սպանդի եւ ընդդիմության բիրտ հետապնդումների համար նա, որպես թիմի անդամ, նույնպես պատասխանատվություն է կրում:

Բայց դրանք պարոն Օսկանյանի քաղաքական մեղքերն են, որոնց համար նա պատասխանատու է հասարակության, բայց ոչ օրենքի առաջ: Նրա դեմ գործ են սարքում (իսկ ոչ ոք չի կասկածում, որ դա այդպես է) ոչ թե «իշխանական», այլ հետագա ընդդիմադիր գործունեության պատճառով: Այսինքն՝ մի բան է, թե նա բարոյական իրավունք ունի, թե չունի խոսելու, ասենք, ժողովրդավարության կամ արդար ընտրությունների մասին: Մեկ այլ բան է, որ նա չպիտի նստի իր չգործած հանցանքների համար:

Պատգամավորին ազատազրկելու համար անհրաժեշտ է նրա գործընկերների համաձայնությունը: Հաշվի առնելով այս եւ նախորդ գումարումների ԱԺ-ի որակները՝ դա միանգամայն հնարավոր է: 98 թվականին պատգամավորների մեծամասնությունն անզուսպ խանդավառությամբ զրկեց Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից: Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ է իրենց եւ իրենց բիզնեսի հետ անելու Ռոբերտ Քոչարյանը, եթե հանկարծ որոշեին Վանոյին «չհանձնել»: Ավելին՝ այն ժամանակվա իշխանության «աչքը մտնելու» համար նրանք, չխնայելով իրենց պերճախոսությունը, միացան պաշտոնապես հրահրված «հակավանոյական» հիստերիային: Ի դեպ, դաշնակցականներն էլ դրան միացան՝ վրեժ լուծելով ժամանակին իրենց հետապնդած ՀՀՇ-ից: Հիմա մթնոլորտը բոլորովին այլ է՝ չկա «պատժվելու» վախը, չկա հիստերիան: Կարծում եմ՝ չի լինելու նաեւ ՀԱԿ-ականների վրեժը՝ իրենց հետապնդած քոչարյանականներից: Հետեւաբար, ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» դեմ կքվեարկեն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն, իսկ հանրապետականներից նույնպես կգտնվեն պատգամավորներ, որոնք անհատներ են, ոչ թե գորշ զանգվածի ներկայացուցիչներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930