Լրահոս
Օրվա լրահոսը

Զգալի մասը որպես հանք չպետք է արդյունահանվի

Սեպտեմբեր 29,2012 13:21

«Հայաստանի բնապահպանական միջավայրի  համար  լուրջ սպառնալիք են արդյունահանված հանքանյութի միլիոնավոր տոննա այն թափոնները, որոնք  մեծ կուտակումներով  հավաքվում են բնության այս կամ այն անկյունում` իսկական աղետ դառնալով համապատասխան թափոնավայրի` պոչամբարի ազդեցության ոլորտում հայտնված բնակավայրերի բնակչության, կենդանական ու բուսական աշխարհի, վերգետնյա և ստորգետնյա ջրային պաշարների համար»,-«Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Ըստ Հայաստանի կանաչների միության նախագահի՝ բնության դեմ կատարված այդ ոտնձգության դեմ պայքարը, առաջին հերթին, պետք է դառնա ՀՀ բնապահպանության նախարարության հոգածության առարկան: Նա ասաց, որ հսկայական մակերես զբաղեցնող պոչամբարների հատակի մեկուսացումը էլաստիկ նյութով պետք է լինի այն միջոցառումներից առաջինը, որը կարող է կանխել մարդու կողմից բնական միջավայրին հասցվող անուղղելի վնասը:

Հանքարդյունաբերողներին նկատի ունենալով` Հակոբ Սանասարյանը նշեց, որ շահույթ ստանալուց բացի,  «նրանք պետք է մտածեն նաև բնությանը իրենց կողմից պատճառած վնասը չեզոքացնելու մասին»:

Կա  փորձ, երբ  պոչամբարները տակից և վրայից մեկուսացնում են համապատասխան էլաստիկ նյութերով, ապա  ծածկում հողի շերտով: Այսօր դա վնասակար ու վտանգավոր թափոն է, բայց ժամանակի ընթացքում գուցե և գտնվեն տեխնոլոգիաներ, որոնց կիրառմամբ, հետագայում,  հնարավոր կլինի հանքային թափոնները վերամշակել և օգտագործել որպես շինանյութ:

Մյուս լուծման տարբերակը նա տեսնում է հանքարդյունաբերությունը զսպելու և Հայաստանի շահերին համապատասխանեցնելու մեջ: ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի օրինակը պետք է որ զգոնացնի հանքարդյունաբերության չափորոշիչները սահմանողներին: Օվկիանոսից այն կողմ 19-20-րդ դդ.-ում այդ բնապահպանական մեծ սխալները  մարդը կատարեց պարզունակ տեխնոլոգիաներով ու գործիքներով: Իսկ այսօր այդ ամենը Հայաստանում կիրառվում է զարգացած տեխնոլոգիական միջոցներով և սարքավորումներով: Սա բնապահպանական ռիսկայնությունը մի քանի անգամ ավելի է արագացնում:

«Որպես հրաբխային երկիր, Հայաստանում հանքերը բավականին բազմազան են, սակայն դրանց զգալի մասը որպես հանք չպետք է արդյունահանվի»: Այդ երևույթը  ժողովրդին պարզապես զրկում է հայրենիքից, ընդգծեց բնապահպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930