Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Քաղաքապետը վերընտրվելուց 6 օր անց 30 տարվա տնօրենին առաջարկել է ազատման դիմում գրել

Սեպտեմբեր 29,2012 13:09

Սեպտեմբերի 29-ի առավոտյան  Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն իր աշխատասենյակ է կանչել Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանին եւ առաջարկել աշխատանքից ազատման դիմում գրել: Նա Կ. Ազիբեկյանին առաջարկել է դրա փոխարեն գրադարանավարի աշխատանք՝ քաղաքի գրադարաններից մեկում:

Կարինե Ազիբեկյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել:  Ազիբեկյանն ասում է, որ քաղաքապետն իրենց ողջ հանդիպման ընթացքում նստած լինելով՝ իրեն չի առաջարկել նստել:

53-ամյա Կ. Ազիբեկյանը 30 տարի պաշտոնավարում է որպես Նոյեմբերյանի  մշակույթի տան տնօրեն: Նա համոզված է, որ իրեն աշխատանքից ազատվելու առաջարկի պատճառը քաղաքապետի կասկածն է, որ ինքը սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններում չի ընտրել  Վանուշ Ամիրաղյանին:

Վանուշ Ամիրաղյանին հարցրեցինք, թե  ինչո՞ւ է Կարինե Ազիբեկյանին առաջարկել ազատման դիմում գրել:

-Նրա հետ համատեղ աշխատանքը նպատակահարմար չեմ համարում,-ասաց 6 օր առաջ քաղաքապետ վերընտրված Վանուշ Ամիրաղյանը:

Այս տարվա մարտի 8-ին ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ Նոյեմբերյանի մշակույթի տունը կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ: Այդ միջոցառումից հետո Վանուշ Ամիրաղյանը միջոցառման մասին իրեն պատշաճ ձեւով չիրազեկելու պատճառաբանությամբ`  Կ. Ազիբեկյանին նկատողություն էր հայտարարել:

Ներկայումս Նոյեմբերյանի քաղաքապետարանում եւ դրա ենթակայության  հիմնարկներում կենսաթոշակառու 5-6 աշխատողներ կան, որոնց քաղաքապետը չի ազատում աշխատանքից:  Նոյեմբերյանի մշակույթի տան շենքի աղաղակող թերացումներով վերանորոգումը կատարվել է Վանուշ Ամիրաղյանի քաղաքապետ պաշտոնավարման շրջանում՝ 2005-2006թթ.:  Նախկինում տեղեկացրել ենք, որ հորդառատ անձրեւներից  հետո  սելավները լցվում են մշակույթի տուն, իսկ  քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում մշակույթի տան  աստիճանների  հարթակը փոքր-ինչ բարձրացնելու, մշակութային օջախ սելավաջրերի մուտքը կանխելու համար:

Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի հրահանգով քաղաքային մշակույթի տանն առանց վարձի  սենյակ է տրված մշակույթի տան աշխատակից չհանդիսացող անձի:

Հավելենք, որ Վանուշ Ամիրաղյանը ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալն է, Կարինե Ազիբեկյանը՝ ՕԵԿ անդամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930