ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում մի շարք երկրների ԱԳ նախարարների շարքում երեկ Նյու Յորքում հանդես եկավ նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հայտարարեց. «Ամեն տարի կամք է ցուցաբերվում լուծելու սառեցված հակամարտությունների հարցը, ինչպիսիք են Պաղեստինի, Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցերը: Սակայն դրանք դեռ շարունակում են մնալ չլուծված»:
Նա նկատեց, որ ամեն տարվա չլուծված հարցը հաջորդ տարի նորերն է ծնում: Դավութօղլուն այս առիթով նշեց, որ հենց այսպիսի հակամարտությունների պատճառով էլ այսօր Սիրիայում հազարավոր քաղաքացիներ զոհ են գնում:
Ղարաբաղյան հարցի կարգավորման առիթով նա նշեց. «Անհրաժեշտ է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք ամեն անգամ ընդգծում ենք այդ խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու կարևորությունը: Սակայն վերջին 20 տարիներին որևէ բան չի ձեռնարկվել այդ ուղղությամբ»:
Դավութօղլուն կոչ արեց բոլոր անդամ երկրներին. «Եկեք այս անգամ չսխալվենք, քանի որ խղճահարությունը հարձակվողի նկատմամբ ամենամեծ անխղճությունն է ուղղված այն ժողովուրդներին, որոնք ենթարկվել են այդ հարձակմանը»: Դավութօղլուն դատապարտեց Մուհամեդ Մարգարեի շուրջ վերջին օրերին տեղի ունեցածը:
Կարդացեք նաև
Դառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Դավութօղլուն նշեց. «Սիրիայի բնակչությունը զոհ է դարձել վերջին 18 ամիսների ընթացքում այդ երկրում գոյություն ունեցող բռնատիրական ռեժիմի և բռնությունների: Մինչ այժմ Սիրիայում 30.000 մարդ է զոհվել, մոտ 300.000-ը գաղթել են տարբեր երկրներ, այդ թվում նաև Թուրքիա»: Նա, շարունակելով թեման, նկատեց. «Մարդկային այս ողբերգությունը, ցավոք, շատերի համար զուտ վիճակագրություն է դարձել»:
Ըստ Դավութօղլուի՝ որևէ տրամաբանական բացատրություն չկա այն հարցին, որ Անվտանգության խորհուրդը չի հաջողում լուծել Սիրիայի հարցը և դադարեցնել բռնությունների ռեժիմը Սիրիայում: Նա հայտարարեց. «Սիրիացիների պաշտպանության պատասխանատվությունը մեր հիմնարար պարտքն է, հենց միայն այն պատճառով, որ իրավիճակը Սիրիայում վերաճել է լուրջ տարածաշրջանային մարտահրավերի»:
Իր ելույթի ընթացքում Դավութօղլուն այդպես էլ չանդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերի:
Ամփոփելով Դավութօղլուն անդրադարձավ Թուրքիայի համար ցավոտ հարցի՝ Կիպրոսի խնդրին: Նա նկատեց, որ հարցը դեռ չի լուծվում, քանի որ Կիպրոսի կողմից բացակայում է քաղաքական կամքի դրսևորումը: Նա նշեց, որ երկդաշնային, երկտարածքային պետությունների ժամանակն այլևս չէ և այս կապակցությամբ ժամանակն է գործողությունների անցնել, քանի դեռ ուշ չէ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ