Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսը օկուպացվել է Հայաստանի կողմից». Մամեդյարովի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից

Սեպտեմբեր 29,2012 11:08

Երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Aravot.am-ը հետևեց նրա ելույթին:

Մամեդյարովն իր ելույթը սկսեց այն տեղեկացմամբ, որ Ադրբեջանը երկու ծրագիր է համաֆինանսավորել, որոնք  միտված են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Նա նշեց, որ աշխարհում շարունակում են խախտել միջազգային իրավունքների սկզբունքները, միջազգային նորմերը,  հազարավոր մարդիկ շարունակում են զոհ դառնալ ագրեսիայի, ռազմական ուժի կիրառման, օկուպացիայի, էթնիկ զտումների: Այս համատեքստում Մամեդյարովը հայտարարեց. «Օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր ներկայացնել միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսը օկուպացվել է Հայաստանի կողմից:  Հայաստանի կողմից իրականացվող ագրեսիայի արդյունքում տուժել է Ադրբեջանի տնտեսությունը: Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջայանի խաղաղությունը, կայունությունը և երկկողմ փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանում այլընտրանք չունեն»:

Մամեդյարովը հայտարարեց, որ ինքը ՄԱԿ-ի ամբիոնից մեկ անգամ ևս հիշեցրեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը՝ հույս ունենալով, որ հակամարտության կարգավորման սկզբունքներից բխում է Ադրբեջանի տարածքների՝ ՀՀ-ի կողմից անօրինաբար օկուպացիայի վերջ դնելը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, հազարավոր մարդկանց վերադարձը իրենց հայրենի հող, և երաշխիքը, որ Ադրբեջանի ու Հայաստանի համայնքները  հետագայում խաղաղ գոյակցություն կունենան «Ադրբեջանի մի շրջան կազմող Լեռնային Ղարաբաղում»:

Նա նաև հայտարարեց, թե Հայաստանի ջանքերը միջազգային իրավունքի նորմերը խեղաթյուրելու հարցում, ինչը Ադրբեջանը չի ընդունում, ցույց են տալիս Հայաստանի իրական մղումները: Մամեդյարովը մեր երկրի մասին ասաց հետևյալը. «Այդ պետությունը շարունակում է ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի յոթ շրջանները օկուպացված պահելու համար: ՀՀ-ի բանակի կողմից զինված հարձակումներն ավելի հաճախադեպ են դարձել, որոնց թիրախն են դառնում Ադրբեջանի սահմանային գյուղերն ու խաղաղ բնակչությունը, ինչի պատճառով զոհվում են բազում ադրբեջանցիներ»:

Մամեդյարովը հայտարարեց, որ կենսական անհրաժեշտություն ունի խաղաղությանն ուղղված գործընթացի շարունակումը: Նա նաև նշեց. «Ադրբեջանը ընդունել է մի շարք եվրոպական  կազմակերպությունների առաջարկը՝ կազմակերպել համատեղ քննարկումներ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Սակայն պաշտոնական Երևանի կողմից այդ առաջարկները փակուղի են մտցվել»:

Ամփոփելով՝ նա ասաց. «Հայաստանի ագրեսիվ հռետորաբանությունը և ատելություն և ռասսայական գերազանցություն պարունակող գաղափարները ադրբեջանցիների և մյուս հարևանների նկատմամբ, միայն կարող են խորացնել անվստահությունը և խուսափել հակամարտության արագ կարգավորման գործընթացից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930