Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Մորգանի խնամին» մյուզիքլի պրեմիերան

Սեպտեմբեր 29,2012 10:27

Սեպտեմբերի 28-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ  «Մորգանի խնամին» մյուզիքլի պրեմիերան` ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն պիեսի: Այն բաղկացած էր երկու գործողությունից:

Բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր` Երվանդ Ղազանչյանը: Վերջինիս խոսքով, 70 տարի առաջ այս օրերին առաջին անգամ բացվել են թատրոնի վարագույրները: Նա կարծում է, որ եթե այսօր չլիներ թատրոնը, միեւնույնն է` այն արժանի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն. «Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ, երբ ռմբակոծվում էին բոլոր քաղաքները, Հայաստանի կառավարությունը որոշեց ստեղծել ծիծաղի թատրոն, հաստատ իմանալով, որ մենք պետք է մի քիչ էլ ծիծաղով ապրենք: Թատրոնի կայացման մեջ մեծ դեր են կատարել խոշոր անհատականությունները, ինչպիսիք են` Արմենակ Տեր-Աբրահամյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը եւ էլի շատ մարդիկ»:

Ղազանչյանի խոսքով` մեծ դրամատուրգի` Շիրվանազադեի այս հրաշալի գործը բեմադրվել է  շատ ու շատ անգամ, խաղացել են մեծություն համարվող դերասանները: Նա կոչ է անում` հետեւել մեր դասականների օրինակին, քանի որ առանց այդ գործերի ազգային թատրոն լինել չի կարող. «Պետք է ամեն ինչ անել թատրոնը պահելու համար: Չլինի այնպիսի մարդ, ով չհավանի ներկայացումը»:

«Մորգանի խնամին» մյուզիքլի մեջ խաղում էին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միջին տարիքի եւ երիտասարդ դերասանները: Բեմադրիչը համոզված է`բոլորն էլ շնորհալի են. «Չեմ ասում, որ տաղանդավոր են, քանի որ նրանցից շատ են, իսկ շնորհալիցներից մնացել է միայն Ներսես Շնորհալին»:

Դերասան Հովակ Գալոյանը մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկի` Պետրոս Մինթոյանի դերը: «Առավոտ»-ը նրա հետ զրուցեց ներկայացման ավարտից րոպեներ անց: Նա ասաց, որ առաջին անգամ էին խաղում այս մյուզիքլը եւ գտնվում է ադրենալինոտ ինչ-որ վիճակում. «Շատ ոգեւորված եմ: Չեմ կարողանում բառեր գտնել արտահայտվելու համար, որովեհետեւ այս ներկայացումը իր մեջ մեծ պատասխանատվություն էր կրում: Շատ են խաղացել այս ներկայացումը, այս կերպարները, բայց մեր խաղը չի կարող նման լինել ոչ մեկին»:

«Մորգանի խնամու» հերոսներից է  Պետրոս Մինթոյանի որդին` Ժորժը: Վերջինիս դերակատարը Նարեկ Ներսիսյանն էր: Նա զգացել է, որ իրենց խաղը հավանել է հանդիսատեսը: Իրականում, ինչպես ներկայացման մեջ, նա ցանկանում է լինել հարուստի փեսա, սակայն չէր վարվի այնպես, ինչպես Ժորժը. «Հնարավոր է, որ կյանքում լինեն դեպքեր, երբ պետք լինի խաբել: Կերպարը ինձ նման է միայն իր աֆյոռայով եւ թեթեւ տրամադրությամբ»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նույնպես եկել էր մյուզիքլը դիտելու: Ստացած տպավորությունները դրական էր: Նկատել է` դերասանների խաղը բավականին հետաքրքիր էր: Իր խոսքով, ներկայացումը մերօրյա է. «Երբ մարդը կուռք է դարձնում փողը, ուղղակի կուրանում է: Ինչ եղել է հարյուր տարի առաջ` կա նաեւ հիմա, ուղղակի չհասկանալով, որ կյանքը դրա համար չէ»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930