Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնվեցին մարդիկ, որոնք կարծես ուրախացան, որ, օրինակ, Մհեր Մկրտչյանի այդ արձանը վնասվել է

Սեպտեմբեր 29,2012 10:24
Ես էլ, շատ-շատերի նման, նախեւառաջ կցանկանայի, որ ոստիկանները պարզեն, բացահայտեն ու գտնեն արձանը ջարդած անասուններին։ Գտնեին ու «1-02»-ով հանրությանը ցույց տային, մենք էլ տեսնեինք, թե այդ ովքե՞ր են, այդ ի՞նչ ցեղի պիղծ ներկայացուցիչներ են դրանք կամ դա, եթե միայն մեկն է եղել։
   Բայց այն բարոյական վնասը, այն ցավը, որ այս ստահակը կամ ստահակները իրենց անմիտ ու վայրենի արարքով պատճառեցին մեր հայրենակիցներին, իհարկե ոչ ոք ոչ կարող է պարզել, ոչ էլ չափել։ Որոշակի իմաստով, այդ արձանաջարդությունը, վանդալիզմի այդ ակտը ապտակ է մեր հասարակությանը, նրա քաղաքակրթվածությանը, հիշողությանը։ Կատարվածն այնպիսի մի բան է, որ ամեն մի նորմալ մարդ որպես անձնական վիրավորանք է ընկալում, իր պատվին ու արժանապատվությանն ուղղված գործողություն։ Եվ, ըստ այդմ, ցանկալի է, որ ոստիկանությունը կարողանա արագ հայտնաբերել պիղծ արարածներին կամ արարածին։
Կուզենայի հուսալ, որ արձանաջարդության պահին մերձակայքում այլ մարդիկ չեն եղել։ Այլապես մեկնումեկը հաստատ կբռներ արձանն ավերող սրիկայի ձեռքն ու դեռ մի բան էլ կջարդեր դրա ուսերից վերեւ գտնվող դատարկ «տակառիկը», այսինքն՝ քիթումռութը կնախշեր։ Ու Մհեր Մկրտչյանի կերտած մեկ այլ անմոռանալի կերպարի՝ Իշխանի նմանությամբ կասեր՝ «ախր, մեջներդ այ էսքան մարդկություն չկա…»։
Ի դեպ, ոստիկանության կամ արձանապիղծներին բռնելու առնչությամբ անդրադարձերում շարունակ նշվում է տեսախցիկների մասին։ Ասում են, անգամ քաղաքապետարանը խոստացել է արձանների մոտ տեսախցիկներ տեղադրել։ Ուղղակի չեն հասցրել, երեւի միամտորեն կարծելով, որ դեռ այն աստիճանի չենք հասել, որ կգտնվեն անասուններ ու կվնասեն արձանը։ Ասում են, որ շուտով այդ տեսախցիկներն էլ կտեղադրվեն։
Ու այստեղ հարց է ծագում. իսկ ի՞նչ է եղել մարդկանց ներսի՛ «տեսախցիկների» հետ։ Ո՞ւր է այդ ներսի «տեսախցիկը», որի առկայության դեպքում ոչ մի այլ տեսախցիկի կարիք չի զգացվի։ Սարսափելի է գիտակցել, որ ապրում ենք այնպիսի միջավայրում ու իրականության մեջ, որտեղ ամեն քայլափոխի ու ամեն ծակուծուկում տեսախցիկներ տեղադրելով միայն կարելի է թեթեւակի հույս ունենալ, որ մարդ-արարածներն իրենց մարդավարի կպահեն՝ չեն ջարդի, չեն տրորի, չեն գողանա, չեն սպանի, չեն գերազանցի արագությունը։
Իսկ եթե ամենազոր տեսախցիկը չկա՝ կջարդեն, կսպանեն, կգողանան։ Մարդիկ մոռացել են, որ Աստծո տեսախցիկը գործում է անընդմեջ ու արձանագրում ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ ընդամենը մեր մտքով անցել է, ամեն վատ արարքը, քայլը, մտածումը…
Սարսափելի է գիտակցել, որ մարդ-արարծին անթույլատրելի արարքից հետ պահողն ընդամենը մի ինչ-որ սարք է, ընդամենը այդ սարքի միացված լինելու գիտակցությունը։ Այսինքն՝ մարդավայել պահվածքը տեսախցիկով պայմանավորված պայմանական ռեֆլե՞քս է դարձել։ Բայց ախր դա հասարակության վերջն է կամ կազմալուծման, ինչպես մի քաղաքական առաջնորդ կասեր՝ կազմաքանդման սկիզբը։
Եվ մի բան էլ։ Երբ մի քանի օր առաջ ջարդել էին նույն արձանի մատը միայն, ուշագրավ արձագանք դրսեւորեցին առանձին քանդակագործներ ու քարոզչամիջոցներ։ Նրանք նետվեցին քննադատելու… արձանները, ըստ որում, ոչ այնքան քննադատում, որքան ծաղրանքով զուգորդված դիտարկումներ էին անում։
Անգամ հայտնվեցին մարդիկ, որոնք կարծես ուրախացան, որ, օրինակ, Մհեր Մկրտչյանի այդ արձանը վնասվել է, որովհետեւ տեսեք-տեսեք՝ իրենց այդ արձանը դուր չէր գալիս։ Ու համարյա ոչ մի խոսք, որ ուղղակի անթույլատրելի է արձան վնասելը։
Հայտնվեցին նաեւ մերձքաղաքական իմաստակներ, որ սկսեցին անհեթեթ բաներ ասել, մոտավորապես, թե ինչո՞ւ է մի ինչ-որ (պատկերացնում եք՝ «ինչ-որ») արձան ջարդելն զգալի թվով մարդկանց ավելի շատ անհանգստացրել կամ ընդհանրապես՝ զայրացրել, քան, ասենք, այս կամ այն քաղաքական դեպքը, դեմքը, իրադարձությունը։ Ու մի տեսակ մաղձոտած, չարացած վրա են տալիս, հասկացնելով, որ կոնկրետ իրենց անիմաստ է որեւէ բան բացատրելը։
Ու չես հասկանում, թե այդքան թույն ու չարությամբ, այդքան գազանացած ու մարդկությունից, սեփական ինքնությունից վերացած մենք ո՞ւր ենք գնալու, ո՞ւր ենք գնում, կամ եթե գնում ենք՝ ո՞ւր ենք հասնելու։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930