Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանին որպես մեղադրյալի ներգրավումը միջազգային սկանդալով է հղի

Սեպտեմբեր 29,2012 10:22

Վարդան Օսկանյանի շուրջը տեղի ունեցողը ոմանք կապում են ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի Օսկանյանի վարկանիշը բարձրացնելու իշխանական շրջանակների շարժերի հետ: Սովորաբար որեւէ գործչի նկատմամբ եթե ինչ-որ դատական գործ կամ հետապնդում է սկսվում` հայ վերլուծաբանները միշտ այդ վարկածը գրպանում դրած ունենում են` վարկանիշ բարձացնելու փորձ անվանելով տեղի ունեցողը: Անկախ ամեն ինչից, եթե Օսկանյանին կալանավորեն, սա պարզապես ամոթալի լինելու հետ մեկտեղ` սկանդալի պատճառ կարող է դառնալ, քանի որ Օսկանյանը բավական ճանաչված մարդ է աշխարհում, «Սիվիլիթասի» խորհրդում ընդգրկված մի շարք անունների համար անհարմարություն կստեղծի, ինչը կարող է բումերանգի էֆեկտ ստանալ: Ընդ որում` այլեւս անհասկանալի է այս թեմայով Քոչարյանի լռությունը: Մանավանդ որ Վարդան Օսկանյանն արդեն իսկ հայտարարել է, թե պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը համարում է քաղաքական պատվեր: Եվ ավելացրել է, թե իր համար տեղի ունեցողը քաղաքական պատվերի նոր հանգրվան է. «Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչեւ վերջ պայքարել:

Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է եւ բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաեւ այս հաշվարկներում են սխալվել: Ես պատրաստ եմ թեկուզ այս պայմաններում եւ այս հարթության վրա շարունակել իմ պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար»:

Նույն օրը, երբ հայտնի դարձավ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին, Վերաքննիչ դատարանը մերժել էր «Սիվիլիթասի» բողոքն ընդդեմ ԱԱԾ հարուցված գործի: Այժմ արդեն հասկանալի է կապը: Ընդ որումՙ քաղաքականամերձ որեւէ մեկը չի վարանում այս բոլորի եւ նախագահական ընտրությունների միջեւ կապ տեսնել, այլապես ինչո՞ւ էր երկար սառեցվել գործը: Իսկ թե այսպիսով վնասազերծում են հենց Օսկանյանին, թե՞ Քոչարյանին, թե՞ պարզապես ԲՀԿ-ն զերծում են այս երկուսից միաժամանակ, սա շուտով կերեւա: Քանի որ եթե Օսկանյանը ուզում էր նախագահի թեկնածու առաջադրվել` ապա որպես թեկնածու նա մեծ մրցակցություն հազիվ թե ապահովեր, անհասկանալի է, ուրեմն, նրան չափից ավելի մեծ համարում վերագրելը: Ուրեմն` զուգահեռ դրանից ավելի կարեւոր խնդիր է լուծվում, այնպիսի խնդիր, որը կարող է սպառնալ ե՛ւ գլխավոր, ե՛ւ հիմնական մրցակից թեկնածուներին:

Գլխավոր դատախազի` Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը կքննարկվի հոկտեմբերի 1-ին, որպես արտահերթ հարց, պարտադիր հարցերի հետ ընդգրկվելով օրակարգում:

Մի անգամ էլ ընդգծենք, որ Օսկանյանին որպես մեղադրյալի ներգրավումը եւ ապագայում էլ գուցե կալանավորումը միջազգային սկանդալով է հղի, քանի որ Օսկանյանը բավական ճանաչված անձնավորություն է, ու նրան պաշտպանողներ, թեկուզ դրա տակ սեփական շահեր դնելով, միջազգային կառույցների մեջ կգտնվեն: Ինչ արժեն միայն այն մարդկանց ազգանունները, որոնք ընդգրկված են «Սիվիլիթասի» պատվո խորհրդի մեջ` Թավթս համալսարանի «Ֆլեթչեր» դպրոցի դեկան Սթիվեն Բոսորթ, Կանադայի «Վիննիփեգ» համալսարանի նախագահ Լոյդ Ն. Էքսոտրթի, համաշխարհային հռչակ վայելող երգիչ Սերժ Թանկյան, Ռուսաստանի ժողտնտեսության ակադեմիայի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի դեկան Սերժ Կալենչյան, Ֆրանսիայի նախկին նախագահի խորհրդական Վալերի Տերրանովա եւ այլք: Պատկերացնո՞ւմ եք` ինչ համաշխարհային աղմուկ է բարձրանալու, եւ արդեն Օսկանյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը խոստանում է ԱԱԾ-ի դեմ բողոքիՙ Վերաքննիչ բողոքից հետո դիմելու են Վճռաբեկ դատարան, ու դրանից հետոՙ Եվրոպական դատարան: Է ասեք` ում է պետք այս համաշխարհային աղմուկը: Այս բոլորը կարելի է ենթադրել, բայց ենթադրել, թե հատկապես քաղաքական ի՞նչ խնդիր է լուծվում ԱԱԾ հարուցած գործով եւ «փողերի լվացում» արտահայտությունը համապատասխանո՞ւմ է իր իմաստին` ի վերջո կպարզվի:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930