Հարցազրույց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ
-Պարոն Քեռյան, ինչո՞վ բացատրել նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքական դաշտի նման պասիվությունը։
-Իրոք, մեր քաղաքական դաշտի քիչ թե շատ երեւելի ու ազդեցիկ մյուս ուժերը ոչ մի կերպ չեն ցանկանում բացահայտել, թե ինչպես են մասնակցելու նախագահական ընտրություններին, մինչդեռ նախընտրական փուլի մեկնարկին ընդամենը երկու-երկուսուկես ամիս է մնացել: Ինչ-որ ազդանշանի սպասելու հանգամանքն ակնհայտ է:
Այս իրավիճակը բացահայտում է, որ կուսակցությունները ինքնուրույն կեցվածք չունեն եւ իրենց առաջիկա անելիքը պայմանավորում են Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստանի» գործողություններով:
Բնականոն ու ինքնուրույն քաղաքական գործունեության դեպքում կուսակցությունները պետք է շահագրգռված լինեն ընտրություններից մեկ տարի առաջ հանրությանը հայտնել, թե ում են առաջադրելու նախագահի թեկնածու: Սա նաեւ շահեկան է, քանի որ ժողովուրդը տեւական ժամանակ է ունենում նրան ճանաչելու, գործունեությանը շարունակաբար հետեւելու, ծրագիրը ընկալելու, դրա իրագործելիությունը որոշելու համար:
Այս առումով ակնհայտ է, որ Հանրապետականը շահեկան վիճակում է, քանի որ շատ վաղուց է հայտարարել իր թեկնածուին եւ նրա աշխատանքին ժողովուրդը հետեւում է մշտապես: Մյուս կուսակցությունները, որոնք այս կերպ չեն վարվել, բացահայտորեն ոտնահարել են քվեատուների՝ այլընտրանքային ընտրություն կատարելու շահերը: Ընտրողին կուսակցություններն այս կերպ դնում են ծանր վիճակում, զրկում են գիտակցված, ոչ մեխանիկական, պահի կամ որեւէ հանգամանքի ազդեցությունից զերծ ընտրություն կատարելու հնարավորությունից:
Համաձայնեք, երբ 8, 10, երբեմն ավելի թեկնածուները հայտնի են դառնում միայն նախընտրական փուլում, մեկ ամսից մի փոքր ավելի տեւող քարոզարշավն էլ ընթանում է կոմպրոմատների պատերազմի տեսքով, ընտրողների մեծամասնությունը չի կարողանում հստակ կողմնորոշվել: Շատ-շատերին անհասկանալի է մնում, թե որ թեկնածուն ինչ նպատակ է հետապնդում, ինչն էլ առաջացնում է անբարենպաստ իրավիճակ, եւ ընտրողների մեծ մասը ուղղակի չի գնում քվեարկելու:
-«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ շաբաթ առաջ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Դա քաղաքական կամ հասարակական հետաքրքրություն առաջացրե՞ց:
-Նախ, Րաֆֆի Հովհաննիսյանը չնշեց, թե ինքը անպայման կառաջադրվի: Ապա նաեւ նրա ներկայացրած «ծրագրահենքը» զգացմունքային, քարոզչական, բարոյական բնույթի մի հայտարարություն է: Հասարակությունը նման բաների պահանջ չի զգում, այլ ունի իրական սպասումներ, թե ինչպես են լուծվելու կարեւորագույն ու առաջնային խնդիրները՝ Արցախի հիմնահարցը, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հիմնախնդիրը, արտագաղթի տեսքով ի հայտ եկած ազգային աղետը կանխելու խնդիրը:
Այսօր Հայաստանից ոչ թե մտավոր ներհոսք է լինում, այլ մենք կորցնում ենք պետականակերտ ռեսուրսներից մեկը: Բնակչության արտագաղթը ուղղակիորեն սպառնում է պետության պահպանմանը: Նախագահի թեկնածուները արդեն այսօր հենց այս հարցերի իրենց լուծումները պետք է ներկայացնեն, ոչ թե նոր հարցադրումներ ներկայացնեն ու բարոյախոսական խրատներ տան, որի կարիքը ոչ ոք չունի: Հենց այս քաղաքական վարքն է, որ խորացնում է հասարակական հիասթափությունը:
-Հավանական համարո՞ւմ եք, որ առաջադրվեն առաջին եւ երկրորդ նախագահները:
-Առաջին նախագահն արդեն իր քաղաքական պիկն ունեցել է։ Բոլորովին էլ պատահական չէ, որ ավելի հիմնավոր խոսվում է նրա չառաջադրվելու մասին: Քաղաքական պատմության մեջ դեռ ոչ մեկը երկու անգամ պիկ չի ունեցել՝ ոչ Չերչիլը, ոչ դը Գոլը, ոչ էլ անգամ Նապոլեոնը:
Երկրորդ նախագահի առաջադրվելու պարագայում հարցերի հարցը առ այսօր մնում է անպատասխան, եւ ոչ ոք չի պարզաբանում՝ երկրորդ եւ գործող նախագահները թիմակիցնե՞ր են: Քանի դեռ այս գաղտնիքը մնում է, այս հարցին որոշակի պատասխան չի կարող տրվել:
-ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի՞ իր թեկնածուով, Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞:
-Նախ շեշտեմ, որ 2011 թվականին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը համատեղ հուշագիր են ստորագրել եւ պարտավորվել են միասնական թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին: Երեք քաղաքական ուժերից ոչ մեկը այս միջկուսակցական պայմանագիրը առ այսօր չեղյալ չի հայտարարել:
Հայտնի է, որ ԲՀԿ-ում, իրոք, կա սեփական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու լուրջ ցանկություն, եւ բոլորը հենց Գագիկ Ծառուկյանին նկատի ունեն: Այս պարագայում շատ կարեւոր է դառնում այն հանգամանքը, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների համատեքստում:
Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ միջիշխանական պայքար է: Պատահական չէ, որ ԲՀԿ-ն իրեն հռչակել է այլընտրանքային ուժ: Այս պայքարը չունի գաղափարական, ծրագրային բնույթ: Երկու ուժերն էլ հենվում են նույն ընտրազանգվածի, նույն վարչական ռեսուրսի, հաճախ անգամ՝ նույն մարդկանց վրա: Պայքարի նպատակն այն է, թե երկու ուժերը ինչպիսի ներկայություն կամ ինչ չափաբաժին կունենան իշխանության մեջ:
Սրանք միանգամայն բնականոն քաղաքական փոխհարաբերություններ են, որոնք իշխող են բոլոր քաղաքակիրթ եվրոպական, արեւմտյան պետությունների ներքաղաքական դաշտերում: Եվ քանի դեռ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ որոշակի փոխհամաձայնություն չի կայացել, ԲՀԿ-ն չի հայտարարի, թե որոնք են լինելու իր առաջիկա քայլերը:
Բնական է, որ Հանրապետականը չի ցանկանում շատ բան զիջել ԲՀԿ-ին, քանի որ լուրջ վարչական ռեսուրս ստանալով՝ ԲՀԿ-ն կդառնա առավել ինքնուրույն ուժ:
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»