Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցապնախարարը խոստանում է նպաստառուների, թոշակառուների ցուցակում 99% ճշգրտության հասնել

Սեպտեմբեր 28,2012 23:03

«Լկտիությունը հասել էր այն աստիճանի, որ 1959 թվականի ծնվածը ստանում էր Հայրենական Մեծ պատերազմի թոշակ»,- Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի այս եւ այլ բացահայտումներից հետո սոցապ համակարգում սկսել են «ատկատների» դեմ պայքարը:

Aravot.am-ի հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս առնչությամբ տեղեկացրեց, թե ինչ մեխանիզմներով են պատրաստվում պայքարել չարաշահումների դեմ: Մենք հետաքրքրվեցինք՝ նպաստառուների համակարգում այսպիսի արատավոր երեւույթ կա, երբ նպաստ տվող սոցիալական աշխատողը համաձայնության է գալիս նպաստառուի հետ եւ մի քանի ամսվա նպաստը փոխանցվում է սոցաշխատողին՝ ցուցակում ընդգրկվելու դիմաց: Ինչպե՞ս պետք է հայտնաբերեք դա, եթե դա երկու կողմերին էլ ձեռնտու է: Նախարարը պատասխանեց՝ «Ընդհանրապես բացառել որեւէ բան եւ 100 տոկոսանոց արդյունքի հասնելը տեսականորեն հնարավոր չէ: Բայց եթե մենք խոսում ենք նվազագույնի հասցնելու մասին, 99 տոկոս ճշգրտության մասին, կարծում եմ, դա իրատեսական է: Դրան կարելի է հասնել: Առաջին խնդիրը համապատասխան տեղեկատվությունը ստանալ ոչ թե քաղաքացիների տված տեղեկություններով, այլ տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանից՝ ինքնաշխատ կերպով, այսինքն՝ ավտոմատ, որտեղ բացառվում է միջամտությունը: Եթե մենք ունենք որեւէ տեղեկատվություն, կիրառում ենք դրա փաստաթղթային հիմքը, այդ հիմքով միշտ կարելի է պատահաբար, միտումնավոր, դիտավորությամբ ունենալ սխալներ: Փաստաթղթային հիմքից մուտքագրելու ժամանակ եւս կարող են լինել նման սխալներ: Եվ այդ ժամանակ շատ դժվար է  գտնել՝ դա դիտավորությո՞ւն է,թե՞ պատահական սխալ է: Ի վերջո պատահական սխալներն էլ մենք չպետք է բացառենք, որովհետեւ մարդիկ կարող են սխալվել: Որեւէ մարդ ապահովագրված չէ սխալից: Այս պարագայում, քանի որ չենք կարող հստակեցնել՝ դա դիտավորությո՞ն է, թե՞ պատահաբար է եղել, ուրեմն բնական է, որ մենք իրավապահ մարմին չենք, եւ կարգապահական եւ այլ պատիժներ են կիրառվում: Բայց դրանք հասկանալի է, որ ամբողջական լուծում  չեն կարող ապահովել»:

Ըստ նախարարի, այս հարցի հիմնարար լուծումն այն է, որ տեղեկատվությունը սկսկեն ստանալ մեկ աղբյուրից. «Հիմա գրեթե հասել ենք նրան, որ այդ ամբողջ տեղեկատվությունը, տեղեկատվական շտեմարանները ձեւավորվել են: Հիմա պետք է ուղղակի ինքնաշխատ կերպով այդ տեղեկատվությունը ստացվի եւ բացառվի, որ  որեւէ մեկը միջամտի այդ  տվյալներին եւ որեւէ փոփոխություն անի: Նույն այդ օրինակը՝ ծննդյան տարեթվի հետ կապված՝ տեսեք, երբ այսօրվա  կենսաթոշակային համակարգը նայեք՝ տեղեկատվական շտեմարանը, այլեւս օպերատորը մուտք չի անում տեղեկատվությունը բազա, ասենք՝տարեթիվը, նույնիսկ անուն-ազգանունը, նույնիսկ հասցեն: Ուղղակի անձնագրի տվյալը մուտք է արվում, մեկ կոճակ է սեղմում եւ բնակչության պետական ռեգիստրից այս ամբողջ տեղեկատվությունը մուտք է արվում տեղեկատվական շտեմարան ու փակվում են այդ դաշտերը: Այլեւս հնարավոր չէ նորից փոփոխություն անել այդտեղ: Դա նշանակում է, որ այդ մասով բացառեցինք որեւէ սխալ տվյալի մուտքագրում, որեւէ սխալ անձի մուտքագրում, քանի որ բնակչության պետական ռեգիստրում գրանցված են մեր այն քաղաքացիները, որոնք այստեղ բնակվում են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, անձնագիր ունեն»:

Ըստ նախարարի՝ հաշմանդամության հետ կապված  եղել են դեպքեր, երբ քաղաքացին կարգ է ստացել եւ քաղվածքում գրված է եղել` 3-րդ խումբ: Սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ թոշակ նշանակողը մուտք է արել երկրորդ: Հնարավոր է դա եղել է սխալմամբ, պատահաբար. «Դա նշանակում է, որ  փոխվեց, թոշակն ավելացավ, բյուջեից ավելի գումար դուրս եկավ: Հիմա հաշմանդամների տեղեկատվական շտեմարանից այդ ամբողջը գալիս, մուտք է արվում տեղեկատվական շտեմարան եւ ո՞վ պիտի այդտեղ միջամտի: Միայն 1 անձի վրա կմնա՝ տեղեկատվական շտեմարանի ադմինիստրատորը: Այստեղ այլ տարբերակ չի մնա: Եթե ինչ-որ բան սխալ լինի, կոնկրետ մարդ կկրի պատասխանատվություն: Եթե այս խնդիրները մենք լուծում ենք, այս խնդիրների մասին էլ չենք խոսի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930