ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու եւ դրա ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելուն:
Պատգամավորներին ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մուտքի արտոնագիրը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի վճարումը ծանր վիճակում հայտնված սիրիահայերի համար խնդրահարույց է դարձել:
Հայրենիք վերադարձող, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է Հայաստան մուքտի վիզա՝ հիմնականում 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով, եւ հաշվի առնելով, որ հայրենիք վերադարձածները շարունակում են բնակվել Հայաստանում, առաջացել է նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաեւ կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն:
Նախագծով պետական տուրքի մասով արտոնություն է սահմանվում ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ ազատելով նրանց ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի վճարումից:
Կարդացեք նաև
Հարցը համարելով հրատապ՝ օրենքի նախագծի քննարկման համար գլխադասային նշանակված ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկության արդյունքում դրական եզրակացություն տվեց նախագծին` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար եւ առաջարկեց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում: