Լրահոս
Օրվա լրահոսը

Վանդալները գիպս կամ բրոնզ չեն ճանաչում. արձանների մոտ կտեղադրվեն տեսախցիկներ

Սեպտեմբեր 28,2012 20:00

Անհայտ անձանց կողմից Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ վերջերս տեղադրված հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի վնասված արձանը, որը երևանցիներին ներկայացավ «01-99» ֆիլմի հայտնի հերոսի՝ Գարսևան տեսքով, տակառիկն էլ ձեռքին, այսօր առավոտյան տեղափոխվել է քանդակագործ Սուրեն Մելքոնյանի արվեստանոց: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը Tert.am–ին հայտնեց, որ արձանը կարճ ժամանակամիջոցում կվերականգնվի և կտեղադրվի նույն տեղում:

Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձը վնասել էր Գարսևանի տակառիկը, և նրա թևը, իսկ արձանի տեղադրման օրը կոտրել էին նաև արձանի ձեռքի ճկույթը:

Ըստ Արթուր Սարուխանյանի՝ արդեն ընթացքի մեջ են թե՜ այս արձանի, թե՜ նման արձանների մոտ տեսախցիկների տեղադրման աշխատանքները: «Բոլոր այն տեղերում, որտեղ կտեղադրվեն այդ արձանները կդրվեն նաև տեսախցիկներ: Այս արձանները քաղաքային նոր մշակույթ են, մեծերը Երևանում՝ մեր կողքին»,- Tert.am–ին ասաց Արթուր Սարուխանյանը:

Նշենք, որ և՜ Մհեր Մկրտչյանի, և՜ Եղիշե Չարենցի արձանները պատրաստված են գիպսից, օրինակ՝ Եղիշե Չարենցի կոշիկի տակից պարզորոշ երևում է գիպսը:
Ի պատասխան հարցին, թե արձանները, միգուցե, այդքան շուտ չվնասվեին, եթե ավելի ամուր նյութից լինեին պատրաստված, հետևաբար, քաղաքապետարանը չի՞ տեսնում արձանները մետաղներից ձուլելու անհրաժեշտություն, Արթուր Սարուխանյանը նկատեց, որ վանդալները նյութ չեն ճանաչում։ «Մենք ունենք դեպքեր, երբ վանդալները գողացել, վնասել են անգամ բրոնզաձույլ դիմաքանդակները, հարթաքանդակները, չուգունե գերեզմանաճաղերը: Էնպես որ, վանդալի համար, չեմ կարծում, որ նյութը էական է: Եթե սրիկան փչացնում է, փչացնում է ամեն ինչ»,- ասաց Արթուր Սարուխանյանը: Իսկ , առհասարակ, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը նկատեց, որ հենց քանդակագործն է որոշողը, թե ո՞ր նյութից պետք է ստեղծի արձանը:

Արթուր Սարուխանյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը չի սահմանափակվելու Մհեր Մկրտչյանի ու Եղիշե Չարենցի արձաններով, և մինչև Էրեբունի-Երևան տոնակատարությունների մեկնարկը էլի նոր արձաններ են տեղադրվելու: Ըստ որում, վայրերի ընտրությունն արվում է՝ հայ մեծերի նախասիրությունները հաշվի առնելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930