Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենաների դիմապակու վրա ԱՊՊԱ կտրոնների փակցման աննպատակահարմարության առաջարկին կանդրադառնան փոքր-ինչ ավելի ուշ

Սեպտեմբեր 28,2012 19:57

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց  «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողը` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, տեղեկացրեց, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալու եւ հակասությունները վերացնելու հանգամանքով:

Նախատեսվում է օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ:

Արդյունքում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու է հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները: Իսկ նշված ոլորտում իրավախախտումները հայտնաբերվելու են տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, այնուհետեւ հանձնաժողովի անդամները, կարեւորելով ներկայացված փոփոխություններն ու լրացումները, առաջարկեցին մի շարք նոր փոփոխություններ ներառել նախագծերում` առավել դյուրացնելու եւ հստակեցնելու ոլորտի աշխատանքը, ինչպես նաեւ բացառելու խախտումների համար նախատեսված տուգանքների անհամաչափության ու անարդարության գործոնը:

Արթուր Օսիկյանը պատրաստակամություն հայտնեց առաջարկություններից մի քանիսը ներառել նախագծում մինչեւ լիագումար նիստը, իսկ տեղեկատվական համակարգի պայմաններում մեքենաների դիմապակու վրա ԱՊՊԱ կտրոնների փակցման աննպատակահարմարության առաջարկին անդրադառնալ փոքր-ինչ ավելի ուշ, երբ հարցը մանրակրկիտ քննարկվի ՀՀ կառավարությունում:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայացրեց «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Օրենքի նախագիծը նպատակ ունի կանխելու Հայաստանի Հանրապետությունում այն անձանց ապաստան ստանալը, ովքեր կարող են ՀՀ ազգային անվտանգության համար  վտանգ ներկայացնել: Նախագծով առաջարկվում է ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության համար հնարավոր վտանգ ներկայացնելու վերաբերյալ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված եզրակացությունը նախատեսել որպես ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք: Բացի այդ` առաջարկվում է նաեւ, որ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն  ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու  եզրակացություն ստանալու համար բոլոր դեպքերում դիմի ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին` հնարավոր բացթողումները կանխելու համար:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն` ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

 
ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930