Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդավան գյուղի մի բնակչուհի «C» մակնիշի իր «Մերսեդեսով» Կողբ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհից, անցել մայթի վրայով եւ հայտնվել Կողբի բնակիչներից մեկի խոզանոցում: Մեր տեղեկություններով՝ քանդվել են խոզանոցի մի քանի միջնորմներ: Մեքենան բավական ջարդվել է, մեքենայի տերը եւ խոզանոցի տերը համաձայնության են եկել պատճառված վնասը հատուցելու մասին:
Վթար կատարած կինը Նոյեմբերյանի զորամասի զինծառայող է:
Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մխիթար Գիշյանը հրաժարվեց մեզ տեղեկություններ տրամադրել այս գործի մասին, ասելով, որ ինքը վերադասից հրաման ունի տեղեկություններ չտրամադրել:
Մեր տեղեկություններով՝ մի քանի տարի առաջ այդ կինը վթարի է ենթարկել 3 երեխայի: Հետաքննիչ Մ. Գիշյանն ասաց, որ ինքն այդ մասին տեղեկություններ չունի, քանի որ այդ ժամանակ ճանապարհային ոստիկանությունում չի աշխատել , իսկ այդ առթիվ հարուցված գործը կարող է գտնվել քննիչների մոտ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ