«Համալսարանին, որպես զարգացող օրգանիզմ, դժվար է ներկայացնել: Դժվարին պայմաններում է ծնվել այս գիտական հաստատությունը, այն անգնահատելի դեր է կատարել եւ կատարում է, լավագույն ավանդույթները պահպանելով՝ վստահ է նայում ապագային: Համոզված ենք, որ երիտասարդի ձեռքում է համալսարանի հարատեւության բանալին` ստեղծածը շատ հեշտությամբ կարող ես տանուլ տալ, դժվար է դրան ինչ որ բան ավելացնելը»,- Երևանի պետական համալսարանի անցած ավելի քան 90 տարվա ճանապարհի մասին պատմող «Իմ տունն այստեղ է» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքով ֆիլմը մեծ աշխատանքի արդյունք է: Ֆիլմում, որը նկարահանվել է «Օրդֆիլմ» կինոարտադրող ընկերության կողմից, ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները, ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պատմում են համալսարանի անցած ճանապարհի մասին:
Ֆիլմի սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Հայկ Մկրտչյանն է, նրա պնդմամբ համալսարանի մասին ասելիքը շատ էր, 54 րոպեների մեջ ընտրվել ու առանձնացվել են ամենալավ դրվագներն ու պահերը.
«Նկարահանումները սկսվել են 2011թ.-ի սեպտեմբերի 1-ից, եւ ավարտվել 2012թ.-ի սեպտեմբերի 1-ին: Փորձել ենք ամփոփել համալսարանի պատմությունը` ստեղծման օրվանից սկսած, մինչ այսօր: Սա միակ ֆիլմն է համալսարանի մասին, կարծում եմ խնդիրը ինչ-որ կերպով լուծել ենք»:
Կարդացեք նաև
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ տասնամյա ընդմիջումից հետո ԵՊՀ-ն ունի մի տեսաֆիլմ, որտեղ համակողմանիորեն ներկայացվում է համալսարանի անցած 90-ամյա ուղին.
«Համալսարանի պատմությունը հարուստ է, այդ ամենը ներկայացնել սահմանափակ ժամաքանակով շատ բարդ էր, սակայն հաջողվեց: Ֆիլմը կթարգմանվի ռուսերեն եւ անգլերեն, որպեսզի օտարախոս հասարակությունը նույնպես հնարավորություն ունենա ծանոթանալ մայր բուհի պատմությանը»:
Գիտությունը, կրթությունը և մշակույթը հանդիսանում են Հայաստանի հիմնաքարերը: Իսկ Հայաստանի գիտության և կրթության հիմնասյունը Երևանի պետական համալսարանն է, որն ստեղծման օրվանից հավատարիմ է մնացել Մայր բուհի կոչմանը:
Մինչ օրս Երևանի պետական համալսարանը տվել է ավելի քան 100 հազար շրջանավարտ, ովքեր մշտապես առանցքային դերակատարում են ունեցել Հայաստանի պատմության և հասարակական-քաղաքական կյանքում: Բոլոր տարիների համալսարանականների ավանդն ու ներդրումը մեծ է հանրապետության տարբեր ոլորտների զարգացման գործում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ