Մենք`երիտասարդներս, վերջին տարիներին սկսել ենք ավելի շատ հետաքրքրվել քաղաքականությամբ, տարբեր քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ունենալ սեփական կարծիքն ու արտահայտել այն, ճանաչել քաղաքական գործիչներին: Մեզանից շատերն էլ բացի ճանաչելուց, նաև ունեն իրենց սիրելի քաղաքական գործիչներին: «Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել`ովքե՞ր են երիտասարդների սիրելի քաղաքական գործիչները:
19-ամյա Նելլին առանձնացնում է 2-ին` Դավիթ Հակոբյանին
և Շավարշ Քոչարյանին. «Չնայած քաղաքականությունից մեծ գիտելքիներ չունեմ, բայց նրանք, այն քիչ հայ քաղաքական գործիչներից են, ովքեր հիանալի տիրապետում են հռետորական խոսքին, ու ինձ դա շատ է գրավում: Երկուսն էլ առանձնանում են խոսելու ձիրքով: Դա կարևոր հատկանիշներից մեկն է: Դավիթ Հակոբյանի մոտ, իհարկե, դա ավելի շեշտված է: Մի խոսքով՝ իրենք կերպարներ են, ընդ որում՝ վառ կերպարներ, որոնց կարիքը մեր քաղաքական դաշտն, անկասկած, զգում է»:
21-ամյա Հայկն էլ Տարոն Մարգարյանին է նշում որպես ամենասիրելի քաղաքական գործիչ. «Երևանը նրա օրոք գեղեցկանում է, իսկ դա չգնահատել ես չեմ կարող»,- ասում է նա: 22-ամյա Հեղինեն կիսում է Հայկի տեսակետը և ավելացնում. «Բարի դեմք ունի, շատ լավն է: Ավելի հետաքրքիր կերպար է, քան մյուսները»:
25-ամյա Սիրանույշն էլ առանձնացնում է Արմեն Աշոտյանին. «Ինչքան էլ նա վատ նախարար լինի, իրեն կարողանում է ճիշտ մատուցել: Անմիջական է, հումորով, երիտասարդական»:
20-ամյա Մելանյան երկար չմտածեց, պատասխանը`Ստյոպա Սաֆարյան. «Բարի, հավես, հետաքրքիր, ամենակարևորը՝ գրագետ: Վերջին հատկանիշը մեր քաղաքական գործիչների մոտ գրեթե բացակայում է: Խոսում է ու դու հասկանում ես, որ կրթված է, հասկանում է, ինչ է խոսում: Միշտ ժպտում եմ իրեն տեսնելուց: Ինքը փոքր է ու բարի»,- ասում է նա:
Լիլիթ Սարգսյան