Այսօր Սյունիքի մարզպետարանում անցկացված մարզխորհրդի նիստում Սյունիքի մարզպետն անդրադարձավ սեպտեմբերի 9-ին մարզի համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին` նշելով, որ կայացած ընտրությունները բավականին գոհացնող են եղել եւ շնորհավորեց վերընտրված ու նորընտիր համայնքի ղեկավարներին: «Ամեն ընտրություն, կարծում եմ, դաս է յուրաքանչյուրիդ համար, ժողովրդի իմաստության վրա երբեք չի կարելի կասկածել, ցանկացած պարագայում ժողովուրդն է որոշում, թող դա ձեզ համար դաս լինի, ինչքան էլ գլուխ գովեք, միեւնույն է 4 տարի հետո որոշողը կրկին բնակիչն է: Դրա համար պետք է ուշադիր լինեք համայնքում ապրող յուրաքանչյուր բնակչի նկատմամբ, այնպես աշխատեք 4 տարիների ընթացքում, որ համայնքապետի ընտրություններին բնակիչները տոնական տրամադրությամբ մասնակցեն, ոչ թե` համոզելով, կանչելով, ձայն կորզելով: Մենք չունենք այնպիսի խնդիր, որ համայնքապետը ժողովրդի կողմից ընտրվի եւ փորձենք մարզպետարանի կողմից որեւէ խոչընդոտ առաջացնենք, նրանք մեր մարզի բնակիչներն են, ուզում եմ բոլորն էլ իմանան, որ աշխատելու ենք միասին եւ փորձելու ենք հնարավորինս ամեն ինչով աջակցենք», – նշել է մարզպետը:
Այսօր Սյունիքի մարզի մի շարք բարեխիղճ գյուղապետեր, ովքեր առողջական, տարիքային եւ որոշ այլ խնդիրների պատճառով կամավոր հրաժարվել են ընտրություններին մասնակցելուց, մարզպետի կողմից արժանացան խրախուսման: Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի, համայնքի ղեկավարի պաշտոնում երկարատեւ եւ անբասիր աշխատանքի համար շնորհակալագրերով պարգեւատրվեցին Ներքին Խոտանանի, Սրաշենի, Գեղանուշի, Նորավանի, Իշխանասարի, Դարբասի, Շիկահողի, Սիսիանի տարածաշրջանի Որոտանի եւ Աղիտուի գյուղապետերը:
Միեւնույն ժամանակ մարզի մի շարք գյուղերի գյուղապետեր արժանացան նկատողությունների` համայնքի բյուջեի սեփական եկամուտների անբավարար հավաքագրում ապահովելու համար եւ նրանց մինչեւ հոկտեմբերի 10-ը ժամանակ տրվեց համապատասխան ցուցանիշ ապահովելու համար:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ