«Երբ ես փողոցում խոսում եմ ժեստերի լեզվով, զգում եմ մարդկանց հայացքները: Փողոցի մարդը սովոր չէ սպեցիֆիկ ձայներին, ես խնդրում եմ բոլորին, որ դուք ավելի բարյացակամ լինեք, հարգեք մեզ, ընդառաջ գաք: Ես խուլ եմ, բայց ես էլ բոլորի նման եմ, պարզապես ես չեմ լսում, բայց ես խնդիր չեմ համարում չլսելը, ես չունեմ լսողություն, բայց ես ունեմ ժեստերի լեզու, ես ինձ զգում եմ լիարժեք մարդ: Փողոցում նայում են մեզ ասում են մեղք են, մարդկանց շուրթերից կարդացել եմ` վայ լալերը, լալերը մեղք են, ես ինչի՞ եմ մեղք, մեղք չեմ, կամ «թու-թու» են անում: Նրանք պարզապես տգետ են»,- ժեստերի լեզվով ասում է Իրինան:
Այսօր «Արմատ» ակումբում լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը եւ նրա երկու սաները ներկայացրին այն խնդիրները, որոնք մեր երկրում ունենում են չլսող երեխաները:
Պարոն Ավետիսյանը, կարեւորելով ներառական կրթության գաղափարը, նկատեց, որ այսօր դա ոչ մի լավ բան չի տալիս խուլ երեխային, քանի որ դպրոցներում ոչ հատուկ մասնագետներ, ո’չ մեթոդաբանություն ո’չ էլ բարյացակամ վերաբերմունք չկա այդ երեխաների նկատմամբ. «3-4 տարի երեխան իբր սովորելով հանրակրթական դպրոցում, ձեռք է բերում երկրորդական արատ, որովհետեւ այն հոգեբանական ճնշումը, որ լինում է այնտեղ, երեխան դառնում է ինքնամփոփ ու չի կարողանում արտահայտել միտքը, որովհետեւ իր միտքն այնտեղ հասկացող չկա, երեխան չի կարողանում լիովին կայանալ, որովհետեւ նրա կայացումը այդ դպրոցում որեւէ մեկին պետք չէ: 3-րդ 4-րդ դասարանում այդ երեխային նորից բերում են լսողական խանգարումներով երեխաների դպրոց»:
Կարդացեք նաև
Աշոտ Ավետիսյանը դպրոցների տնօրեններին կոչ արեց սերտ կապի մեջ լինել իրենց կրթահամալիրի հետ, որպեսզի հանրակրթական դպրոցին կրթահամալիրն օգնի մասնագետներով, ծրագրերով, նյութերով ու 50 տարվա ունեցած փորձով, որոնք անհրաժեշտ են չլսող երեխայի կրթությունը կազմակերպելու համար. «Տնօրենների բարի ցանկությունն է պետք ընդամենը, որպեսզի նրանք հասկանան այդ երեխայի կարեւորությունն այդ դպրոցում եւ զբաղվեն այդ երեխայի կրթությամբ առանձին, որովհետեւ նա ունի առանձնահատուկ կրթության կարիք»:
Աշոտ Ավետիսյանի խոսքերով, չլսող երեխա ունեցող ծնողներին էլ պետք է կրթեն, որպեսզի ծնողն իմանա, թե ինչպես պետք է աշխատել այդ երեխայի հետ:
Aravot.am-ի հարցին, թե եղել են երեխաներ, որոնք դպրոցի տնօրենների` հարցին մատների արանքով նայելու պատճառով հրաժարվել են ներառական կրթությունից եւ հետ են վերադարձել կրթահամալիր, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Ամեն տարի 1-2 երեխա ներառականից հետ է գալիս, ընդ որում այն երեխաները որոնց մենք ենք ուղարկել ներառական: Եվ պարզվել է, որ այդ տարիքի երեխայի զարգացման աստիճանը մի քանի անգամ զիջել է մեր դպրոցում սովորող նույն տարիքի երեխայի զարգացման աստիճանից: Մեր երեխաներն իրենց ինտելեկտով, ուսուցման մակարդակով բավականին առաջ են: Լսողության խնդիր ունեցող երեխայի հետ պետք է տարվի ճիշտ ուսուցում սկսած նախադպրոցական տարիքից:
Առարկաներ կան, որ չունի հանրակրթական դպրոցը, նրանք իրենց ուսումնական պլանով նման բաներ չեն անցնում, ֆիզիկայի, մաթեմատիկայի ուսուցչուհին մեջքով շուռ է գալիս խնդիրը գրում է, բացատրում է, ասում է` լուծեք, այդ երեխան մեջքից ի՞նչ հասկանա, խուլ երեխան մեջքից ոչինչ չի կարող հասկանալ, խուլ երեխայի դեմքին պիտի նայել, միմիկայով, ժեստով բացատրել, գրել, որպեսզի նա կարողանա ընկալել: Խուլ երեխան որ գալիս է դպրոց, ոչինչ չգիտի, երեխան գալիս է դպրոց այնպես՝ ոնց որ մորից նոր ծնված»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ