Aravot.am-ի տեղեկություններով, «Սթրես» կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «աշխատանքների կազմակերպման փոփոխման, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված» պատճառաբանությամբ կենտրոնի 42-ի աշխատակիցներ ստացել են ծանուցագրեր:
Ըստ այդ ծանուցագրերի, «Սթրես» կենտրոնի աշխատակիցները ազատվում են աշխատանքից այս տարվա դեկտեմբերից:
«Սթրես» կենտրոնը հատուկ հիմնարկ էր, որը ստեղծվել էր Հայաստանում 1988թ.-ից հետո, եւ սպասարկում էր ինչպես երկրաշարժից տուժածներին, այնպես էլ արցախյան պատերազմի մասնակիցներին, աղետներից տուժածներին:
Կարդացեք նաև
Նախնական տեղեկությունների համաձայն, այս հիմնարկը աճուրդի արդյունքում է հայտնվել նման կացության առաջ: Սակայն հայտնի է, որ թիրախային խմբերի հետ աշխատող եւ նման առաքելություն ունեցող հիմնարկը աճուրդի չէր կարող հանվել, այդ իսկ պատճառով, մեր աղբյուրի պնդմամբ, առաջիկայում կվիճարկվի աճուրդն ու աշխատակիցների նկատմամբ աշխատանքային պայմանագրերի հետ կապված հարցերը իրավական հարթության վրա:
«Ձեզ տրամադրում ենք ազատ ժամանակ նոր աշխատանք փնտրելու համար» արտահայտությունն էլ սթրեսի մեջ է գցել երկարամյա աշխատանքային կենսագրություն ունեցող անձանց:
Պարզվեց, այս հիմնարկը նախկինում գտնվում էր աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության ենթակայության տակ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ