Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ

Սեպտեմբեր 28,2012 17:46

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ չորրորդ

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ

Եվ ժամերով Լեւոն Ներսիսյանի խոսքը մյուսներս լսում ու վայելում էինք, եւ չնայած էն ժամանակվա իր ասածները հիմա չեմ կարող բառ առ բառ հիշելով գրի առնել, էն ժամանակ իր ասածներն ամենայն ուշադրությամբ ու  բառ առ բառ  էի կլանում, եւ չնայած ասացի թե՝ ինքը փիլիսոփա էր եւ իրենը փիլիսոփայությունն էր, հիմա վերհիշելով ու վերամտածելով՝ ասում եմ, որ ինքը ոչ թե փիիսոփա էր, այլ՝ ամեն ինչ, եւ հիմա որ իրեն հիշելով՝ իր մասին եմ մտածում, մտածում  եմ, որ մեր հայեցի  իմաստասեր բառն իրեն ավելի է սազում, քան՝ փիլիսոփան, բայց իրեն վերստին մտաբերելով ու էս հայեցի իմաստասեր բառի շուրջ մտմտալով՝ հիմա արդեն մտածում եմ, որ, այնուամենայնիվ, էդ բառն էլ ամբողջապես չի արտահայտում Լեւոն Ներսիսյանի բուն էությունը, որովհետեւ  իրականում ու մանավանդ էդ տարիներին մենք ավելի իմաստասեր էինք, քան՝ Լեւոն Ներսիսյանը. այսինքն, վերստին էդ բառի շուրջ մտածելով՝ հիմա արդեն մտածում եմ, որ իմաստասեր բառն իմաստ եւ սեր իմաստները ներառելով՝ էնքան Լեւոն Ներսիսյանին չի բնութագրում, ինչքան՝ իր ժամանակակիցներիս, եւ հիմա իրեն վերհիշելով ու էդ բառի շուրջ մտածելով՝ գալիս եմ էն եզրակացության, որ իմաստախոսն իրեն ավելի է համապատասխանում, քան՝ իմաստասերը, որովհետեւ ինքն առավոտից իրիկուն իմաստություններ էր շաղ տալիս, եւ իմաստասերները մենք էինք, որ Համալսարանում ու Նկարիչների սրճարանում անմնացորդ կլանում էինք իր իմաստախոսությունները, եւ ես էն երջանիկներից եմ, ով Լեւոն Ներսիսյանի իմաստախոսություններն ըմբոշխնել է ե՛ւ Համալսարանում, ե՛ւ Նկարիչների սրճարանում,  ինչպես նաեւ՝ Սայաթ-Նովայի վրայի իր բնակարանում, եւ դրանից հետո էլ՝ կինո «Նաիրիի» դիմացի իր տանը, էդ երկուսում՝ ընդամենը մեկական անգամ, ու էդ երկու անգամն էլ ինքն իր օջախում ինձ բավական ջերմ ընդունեց, որովհետեւ էդ երկու անգամն էլ իր համար միանգամայն ընդունելի մարդկանց հետ էի, առաջին անգամը՝ Տիգրան Մանսուրյանի, եւ երկրորդ դեպքում՝ Ֆերեշեթյան Վարդանի, եւ ինքը Ֆերեշեթին ընդունում էր, որովհետեւ Ֆերեշեթյան Վարդանն իր հիմնական ու մշտական այցելուն լինելով՝ օրվա մնացած ժամերին էլ էր Լեւոն Ներսիսյանին հիշում ու Լեւոն Ներսիսյանի մասին մտածում, ու էդ անգամն էլ Լեւոն Ներսիսյանի մասին մտածելով՝ ինքն ինձ ու Իշխանյան Վահանին  առաջարկեց գնալ Լեւոն Ներսիսյանի տուն, եւ էս պահին չեմ հիշում՝ որ թվականի դեկտեմբերի երեսունմեկն էր, բայց որ դեկտեմբերի երեսունմեկն էր՝ շատ լավ եմ հիշում, որովհետեւ էդ իրիկուն «Ար» հեռուստատեսության բուֆետում տարեմուտի առթիվ Մերուժանն իր կոլեկտիվին պատիվ էր տալիս, եւ չնայած ես, Վարդանն ու Վահանը Մերուժենցից առանձին էինք նստած, Մերուժանը մեզ էլ մի հատ յոթ հարյուր հիսուն գրամանոց «Nemiroff» ուղարկեց, եւ երբ շշի կեսն արդեն  խմել  էինք, Ֆերեշեթն ինձ ու Վահանին առաջարկեց գնալ Լեւոն Ներսիսյանի տուն, եւ Վահանն անմիջապես համաձայնվեց, եւ ես էլ մի քիչ մտածելուց հետո համաձայնվեցի, որովհետեւ գիտեի, որ հետիններս էնպիսի մարդիկ էին, որոնցից մեկը համարյա ամեն օր էր Լեւոն Ներսիսյանի տանը լինում, իսկ Վահանին էլ Ներսիսյանը դաս էր տվել, եւ, բացի այդ, Ներսիսյանը Ռաֆայել Իշխանյանին չափազանց էր հարգում ու սիրում, եւ չնայած Ներսիսյանի էդ նոր՝  կինո «Նաիրիի» դիմացի տանը ոչ մի անգամ չէի եղել, եւ չնայած Սայաթ-Նովայի իր միսենյականոցում ընդամենը մի անգամ էի եղել, ես էլ առանձնապես ինձ անկոչ չէի զգում, որովհետեւ Սայաթ-Նովայի իր էդ տուն Տիգրան Մանսուրյանի հետ էի գնացել,  եւ, բնականաբար, մեզ շատ լավ էր ընդունել, եւ, դրանից էլ բացի, Լեւոն Ներսիսյանը բանաստեղծություններիցս մեկը  հավանում էր եւ Սայաթ-Նովայի վրայի իր էդ միսենյականոցում գինվոցած ու չտեսնված արտասանեց, եւ դա «Եղան մարդիկ» վերնագրով բանաստեղծությունս էր, որ ժամանակին «Թուղթ ու գիր» գրքիս մեջ էր տպագրվել, եւ առաջին անգամ Լեւոն Ներսիսյանն էդ բանաստեղծությունս Դիլիջանում՝ Կինեմատոգրաֆիստների տան իր կոտեջում էր անսպասելիորեն  ու հանդիսավոր արտասանել, եւ երկրորդ անգամ էդ նույնն արդեն Սայաթ-Նովայի վրայի իր միսենյականոցում իմ ու Տիգրան Մանսուրյանի ներկայությամբ արտասանելուց հետո  Ներսիսյանն ինձ ասաց՝ «էս բանաստեղծությունդ մի շատ մեծ թերություն ունի», եւ երբ ամոթխած ժպտալով հարցրի՝ «ո՞րն է», ինքը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ բանաստեղծությանդ  վերեւում՝ վերնագրի տակ պիտի գրեիր՝ «նվիրվում է Լեւոն Ներսիսյանին», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ էդ բանաստեղծությունս նորից տպագրեմ, անպայման կավելացնեմ», եւ Ներսիսյանը ժպտալով ինձ  ասաց՝ «տես՝ չմոռանաս» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «հուսով եմ՝ հասկանում ես, որ կատակ եմ անում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «շուտկա», բայց հետագայում էդ բանաստեղծությունս նորից տպագրելու առիթ չունեցա, որպեսզի «նվիրվում է Լեւոն Ներսիսյանին» տարբերակով տպագրեի, եւ որպեսզի ձեզ համար պարզ լինի՝ որ բանաստեղծությանս մասին է խոսքը, հիմա գրքիցս արտագրելով՝ կներկայացնեմ էդ բանաստեղծությունս.

Անվերջանալի անձրեւ տեղաց

անպաշտպան սիրտն ու հոգին թրջող,

բայց մեր շարքերում մարդիկ եղան,

որ ապրեցին ու մնացին չոր

եւ հոգի ունեն, դեռ ունեն ձայն,

որ տարածվում է պարզ ու որոշ.

մարդիկ, որ հոգու ազատության

գաղափարն արին իրենց դրոշ:

Ահա էս բանաստեղծությունս էր Լեւոն Ներսիսյանը հավանում ու արտասանում, եւ չնայած դուք էլ համոզվեցիք, որ էդ բանաստեղծությունս արտակարգ մի բան չի, այդուհանդերձ, Ներսիսյանը շատ էր հավանել, եւ Սայաթ-Նովայի իր էդ միսենյականոցում էդ բանաստեղծությունս արտասանելուց հետո  հրամայելու պես խնդրեց, որ եթե երբեւէ էդ  բանաստեղծությունս նորից  տպեմ, վերնագրի տակ գրեմ՝ «նվիրվում է Լեւոն Ներսիսյանին», բայց մի քիչ մտածելուց հետո ասաց, որ կատակ է անում, եւ Տիգրան Մանսուրյանն էլ էր  ներկա, ավելի ճիշտ՝ ես Տիգրան Մանսուրյանի շնորհիվ էի Լեւոն Ներսիսյանի Սայաթ-Նովայի վրայի էդ միսենյականոցում  հյուրընկալվել, եւ, հիշում եմ, էդ օրը Լեւոն Ներսիսյանն ահագին գինովցած էր, եւ երբ Տիգրանի հետ ներս մտանք, սեղանի շուրջ մի քանի նկարիչ տղերք կային, եւ ինքը Տիգրանին տեսնելով՝ ահագին ուրախացավ եւ նկարիչներից մեկին խնդրեց, որ սուրճ եփի, եւ երբ նկարիչը սուրճը եփեց, Լեւոն Ներսիսյանն էդ մեկին ու մյուսներին միանգամայն սիրալիր տոնով ասաց՝ «դուք այս պահից ազատ եք, պարոնայք. կարող եք գնալ», եւ երբ բոլորը գնացին, Տիգրանն ինձ ներկայացնելով՝ Ներսիսյանին ասաց՝ «Արմենը հրաշալի բանաստեղծ է, Լեւոն ջան», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Լեւոնին ասաց՝  «հրաշալի բանաստեղծը Չարենցն է, Տիգրան ջան» եւ բավական երկար մտածեց, խորը շունչ քաշեց ու էդ բանաստեղծությունս արտասանեց, եւ երբ արտասանեց պրծավ, Տիգրանը կասկածանքով նայեց Ներսիսյանին ու ասաց՝ «ծանոթ բանաստեղծություն էր» եւ մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «քեզ ծանոթ չէ՞ր», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «մի քիչ», եւ Տիգրանը զարմացած ինձ հարցրեց՝ «այսինքն», եւ Ներսիսյանը խեթ նայեց ինձ ու ասաց՝ «էս տղան արդեն էնքան է մեծացել, որ կեղծ համեստություն էլ է անում», եւ Տիգրանը կռահելով ինձ հարցրեց՝ «քո գրա՞ծն է», եւ Ներսիսյանը ժպտալով Տիգրանին ասաց՝ «դժվար չի կռահել, որ Չարենց չի», եւ Տիգրանն ասաց՝ «ես Չարենցի համարյա բոլոր բանաստեղծություններին ծանոթ եմ», եւ Ներսիսյանը քահ-քահ ծիծաղելով ասաց՝ «ես  էլ Շեկոյանի բանաստեղծություններին եմ ծանոթ», եւ Տիգրանը ժպտալով Ներսիսյանին ասաց՝  «ուրախ եմ, որ Արմենի գրածը հիշում ես» եւ մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «քեզ համար մեծ պատիվ է, Արմեն ջան», եւ ես ժպտալով ասացի՝ «հասկանում եմ» եւ  մի քիչ  մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որ էդ բանաստեղծությունս նորից տպեմ, կնվիրեմ Լեւոն Ներսիսյանին», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ինձ ասաց՝ «հարմարությանդ նայիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չմոռանաս մի բանաստեղծություն էլ տիար Մանսուրյանին նվիրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մենք պիտի հպարտանանք, որ իր ժամանակակիցն ենք», եւ Տիգրանն ասաց՝ «Արմենը մի բանաստեղծություն ինձ նվիրել է» եւ մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «անձրեւի մասին էր, չէ՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «քո երաժշտության մասին էր», եւ Տիգրանը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «էդ գրքիդ վերնագիրը  «Բախտ» էր, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ներսիսյանն ինձ ասաց՝ «մեծ բախտ է, որ Տիգրան Մանսուրյանի հետ էսպես դեմդիմաց նստած ենք», եւ Տիգրանն  ասաց՝ «էդ ժողովածուում մի բանաստեղծություն կա, որ շատ եմ հավանում», եւ Ներսիսյանն ինձ ասաց՝ «էդ բանաստեղծությունդ տիար Մանսուրյանին կնվիրես», եւ Տիգրանը ժպտալով ասաց՝ «ինձ արդեն մի բանաստեղծություն նվիրել է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ մեկը լրիվ բավական է», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Տիգրանին ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «այլապես՝ բոշայի յուղի պատմությանը  կնմանվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «իմ հավանած բանաստեղծությունն էլ ինձ ես նվիրում ու էս երկրային կյանքում անելիքներդ համարում ես ավարտված», եւ Տիգրանը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «ինձ ոչ թե իմ հավանածն է նվիրել, այլ՝ բոլորովին ուրիշ բանաստեղծություն», եւ Ներսիսյանը Տիգրանին հարցրեց՝ «էդ հավանածդ բանաստեղծությունը հիշո՞ւմ ես», եւ Տիգրանն ասաց՝ «անգիր չեմ հիշում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց վերնագիրը հիշում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ծիծաղելով, փորս բռնած», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ինձ հարցրեց՝ «փորացավի մասի՞ն է», եւ Տիգրանը ժպտալով ասաց՝ «հրաշալի բանաստեղծություն է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ափսոս՝ անգիր չեմ հիշում», եւ Ներսիսյանն ինձ նայելով ասաց՝ «տիար Շեկոյանին կխնդրենք՝ կարտասանի», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ես էլ անգիր չեմ հիշում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, մեջներիդ կյաժը ես եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ազգանունս Շեկոյան չի, բայց, փաստորեն, կյաժ եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինձ փոքրուց ստիպում էին բանաստեղծություններ անգիր անել», եւ Տիգրանը զարմացած հարցրեց՝ «ո՞վ էր ստիպում», եւ Ներսիսյանը պատասխանեց ու ասաց՝ «մեր գրականության ուսուցչուհին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ահավոր խիստ կին էր» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ստիպում էր, որ Շեկոյանի բանաստեղծություններն անգիր սովորենք» ու էդ ասելուց հետո Ներսիսյանը լրջանալով՝ նորից նույն բանաստեղծությունս արտասանեց, եւ Մանսուրյանը  Ներսիսյանին ասաց՝ «երկրորդ անգամ որ արտասանեցիր, ավելի հավանեցի», եւ Ներսիսյանը նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «երկրորդ ընթերցմամբ անցավ միաձայն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե ասածս շտկումներն անես, արդեն կդնենք վերջնական քվեարկության», եւ ես ժպտալով ասացի՝ «անպայման կանեմ», եւ Տիգրանն ինձ ասաց՝ «առաջին անգամ եմ տեսնում, որ Լեւոնն ինչ-որ մեկի բանաստեղծությունն անգիր արտասանի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու պիտի հպարտ լինես», եւ Ներսիսյանը ժպտալով ինձ ասաց՝ «աղքատ եւ հպարտ» եւ մեր բերած օղու շշին նայելով ավելացրեց՝ «եթե աղքատ չլինեիր, երկու շիշ օղի կբերեիր, այլ ոչ թե՝ ընդամենը մեկ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եւ այն էլ՝ ընդամենը հինգ հարյուր գրամանոց», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «հաջորդ անգամ հաշվի կառնեմ, մաեստրո», եւ Ներսիսյանը խղճահարությամբ նայեց ինձ ու ասաց՝ «մաեստրոն տիար Մանսուրյանն է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մնացածներս ողորմելի մահկանացուներ ենք» եւ մեր բաժակները լցնելով ավելացրեց՝ «առաջարկում եմ խմել տիար Մանսուրյանի կենացը», եւ Տիգրանը բաժակը բարձրացնելով ասաց՝ «բոլորիս կենացը», եւ երեքս էլ խմեցինք, եւ մինչ այդ էլ էինք խմել, եւ Տիգրանն ու ես Ներսիսյանին հավասար խմում էինք, որպեսզի իրեն հնարավորինս քիչ խմելու բան մնար, որովհետեւ Լեւոն Ներսիսյանն առողջական լուրջ խնդիրներ ուներ եւ դժվարությամբ էր քայլում ու շնչում, եւ երբ նորից Ներսիսյանը մեր բաժակները լցրեց, մեր տարած շիշը լրիվ դատարկվեց, եւ Ներսիսյանը ժպտալով ինձ ասաց՝ «կարող ես սխալդ ուղղել, տիար Շեկոյան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բնական է, որ մեկ շիշը, այն էլ հինգ հարյուր գրամանոց, մեզ պես գելուգազաններին քչություն պիտի աներ», եւ ես Տիգրանին հարցրի՝ «գնա՞մ մի շիշ էլ բերեմ», եւ Ներսիսյանը նայեց ինձ ու ասաց՝ «ինչո՞ւ ես տիար Մանսուրյանին հարցնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը երաժշտության գծով է մաեստրո, այլ ոչ թե՝ խմիչքի», ու ես  դուրս եկա եւ երբ օղու շիշը ձեռքիս վերադարձա, Լեւոն Ներսիսյանն արդեն բազմոցին դանթում էր, եւ Ներսիսյանի ազգականուհին թե խնամակալուհին, որ էդ օրերին Ներսիսյանին ծառայելով էր զբաղվում, արդեն սեղանն էր հավաքում, եւ երբ տարեց տիկինը մեր բաժակներն էլ էր ուզում վերցնել, Տիգրանը տիկնոջն ասաց՝ «բաժակները թող մնան», եւ մինչ տիկինը զարմացած կնայեր Տիգրանին, Տիգրանն ինձ ասաց՝ «բաժակդ վերցրու` խմենք Լեւոնի առողջության համար», եւ մենք մեր բաժակներն իրար խփեցինք, եւ Տիգրանն ասաց՝ «Լեւոնին առողջություն եւ երկար կյանք», եւ խմեցինք, եւ երբ դուրս էինք գալիս, Տիգրանը դեպի դուռը մեզ ուղեկցող էդ տիկնոջն ասաց՝ «շնորհակալություն», եւ կինը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Տիգրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մեր եղբոր համար հոգ եք տանում», եւ տարեց ու համակրելի տիկինը ժպտալով ասաց՝ «ինքը բոլորիս եղբայրն է», եւ Տիգրանն ասաց՝ «ինքը շատ մեծ մարդ է», եւ կինը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գիտեմ»,  եւ մենք ասացինք՝ «ցտեսություն», եւ կինն ասաց՝ «ցտեսություն», եւ մենք Սայաթ-Նովայով քայլելով՝ ահագին ժամանակ լուռ էինք, եւ, հիշում եմ, Տիկնիկային թատրոնի մոտերքում Տիգրանը խոսեց ու ասաց՝ «եթե Լեւոնին կորցնենք, էս քաղաքը լրիվ կամայանա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս տարածքը  լրիվ կդատարկվի», եւ Օպերայի խաչմերուկում  Տիգրանն ու ես իրար հրաժեշտ տվինք, եւ դա, եթե հիշողությունս չի դավաճանում, իննսունհինգին էր, եւ Տիգրանի ու բոլորիս բախտից՝ Լեւոն Ներսիսյանը եւս մի քանի տարի ապրեց՝ լեփլեցուն պահելով էս տարածքը, եւ իր ամենավերջին տարիներն ապրեց «Նաիրի» կինոթատրոնի դիմացի շենքում, եւ մի անգամ էլ էդ տանն ինձ հյուրընկալեց, եւ հիմա արդեն հիշեցի, որ էդ վերջին անգամ իննսունյոթի դեկտեմբերի երեսունմեկն էր:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930