«RVVZ» հիմնադրամի կառավարման խորհուրդը հայտարարում է, որ գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Արտակ Մելքոնյանը: «RVVZ» հիմնադրամը մեկ հովանոցի տակ միավորում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից նախաձեռնված այնպիսի ծրագրեր, ինչպես «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը, «Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտու զարգացումը, Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծումը և մի շարք այլ ծրագրեր, որոնց հիմքում սոցիալական ձեռներցության մոդելն է:
«Մենք ուրախ ենք, որ Արտակ Մելքոնյանի հմտություններն ու կարողություններն ունեցող մասնագետը ստանձնում է հիմնդրամն առաջնորդելու առաքելությունը, քանզի մեր հեռահար ծրագրերն իրականացնելու համար նոր որակի ղեկավար ունենալը հրամայական է:– ասել է Ռուբեն Վարդանյանը,- Արտակը լավագույնս մեկտեղում է ռազմավարական մտածողությունը, կառավարման ձիրքը և ծրագրերի իրագործման տաղանդը: Ավելին, նա «RVVZ» հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ է և հստակ պատկերացում ունի հիմնադրամի տեսլականի և առաքելության մասին»:
Պրն Մելքոնյանը միջազգային բիզնեսի զարգացման, շուկաների ընդլայնման, գործառնությունների, ներդրումների, բրենդինգի, տարբեր ոլորտների նորաստեղծ ընկերությունների և կրթական ոլորտի կառավարման 20-ամյա փորձառություն ունի, աշխատել է ավելի քան 35 երկրներում: Նա զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ բանկային, ֆինանսական, փոստային, ինչպես նաև կառավարական, միջազգային և կրթական հաստատություններում: 2004-2007 թթ եղել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Բիզնեսի և մարքեթինգի ուղղության դեկանը: Վերջին 5 տարիների ընթացքում զբաղեցրել է Dun & Bradstreet միջազգային ընկերության Ֆինանսական ենթակառուցվածքների գծով ավագ փոխնախագահի պաշտոնը Հարավային Ասիայում, Միջին Արևելքի, Աֆրիկայի և ԱՊՀ երկրներում:
««RVVZ» հիմնադրամի գործունեության հիմքում սոցիալական ձեռներեցության մոդելն է: Սոցիալական ձեռներեցությունը նոր մոտեցում է Հայաստանի համար: Ծրագրերի հիմքում ընկած է ֆինանսական պլանավորման այնպիսի մեխանիզմ, որի նպատակն է կապիտալ ներդրումների միջոցով ապահովել շահույթ չհետապնդող ծրագրերի կայունությունը և ինքնաֆինանսավորումը: Զարգացման այս մոդելը թույլ է տալիս մի քանի անգամ բազմապատկել կատարված ներդրումների արդյունավետությունը, որի շնորհիվ շղթայական ռեակցիայով նոր հնարավորություններ են ստեղծվում համայնքների զարգացման համար՝ նոր աշխատատեղեր են բացվում և առողջ մրցակցության ու բիզնեսի վարման նոր չափորոշիչներ սահմանվում: «RVVZ» հիմնադրամի նպատակն է նաև ցուցադրել պետական և մասնավոր ոլորտների համագործակցության հաջողված և օրինակելի ձևաչափ: Սա լուրջ պատասխանատվություն է, սակայն միևնույն ժամանակ ոգեշնչող և հեռանկարային՝ տնտեսական առաջընթացի և «հայկական աշխարհի» զարգացման տեսանկյունից»,– ասել է «RVVZ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը:
Կարդացեք նաև