Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանքարդյունաբերությունն` ինչպես մարշրուտկայի գծերը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2012 16:48

«Մենք ունենք անկատար իրավական դաշտ. Մենք ցանկություն ունենք ստանալ միայն գերշահույթներ: Այսօր հանքավայրերի շահագործումն այնպիսին է, ինչպիսին մարշրուտկաների գծերի շահագործումն է»: Այսօր «Ելակետ» ակումբում նման կարծիք հայտնեց գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետ Արմեն Սաղաթելյանը՝ «Սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ:

Պարոն Սաղաթելյանը նաեւ կարծիք հայտնեց, որ այսօր հանք շահագործող ընկերությունները սոցիալական պատասխանատվության լուրջ ծրագիր չունեն, սակայն նաեւ փորձում են գնալ համագործակցության համապատասխան օղակների հետ:

Քննարկմանը ներկա «Կովկասի բնություն» հիմնադրամի ներկայացուցիչ Արման Վերմիշյանն էլ անդրադառնալով Թեղուտի հանքի շահագործման ծրագրին, ասաց` թե «Վալլեքս» խումբը խոսում է սոցիալական պատասխանատվության մասին, ուրեմն`ընկերությունն առհասարակ հանքը չպիտի բացի. «Արդեն գործող հանքավայրերը պետք է բերել նորմալ տեսքի եւ իսկապես իրենց փաթեթներում ներառեն այդ պատասխանատվության զգացումը եւ որ այդ շահույթի որոշակի մասը մնա մեր երկրում ու ժողովրդին, եւ իրենց կատարած աշխատանքների հետեւանքների վրա ուղղեն»:

«Վալլեքս խմբի» ներկայացուցիչ Վահրամ Ավագյանն էլ վստահեցրեց, որ Թեղուտի շահագործման ծրագիրն անցել է, ինչը նշանակում է, որ սոցիալական պատասխանատվության նախապայմաններն ապահովված են:

Արման Վերմիշյանն էլ «Վալլեքսի» ներկայացուցչից հետաքրքրվեց` եթե սոցիալական պատասխանատվություն կա, ապա որքան է կազմում այն գյուղացու աշխատավարձը, որը պետք է հանքում աշխատի: Քննարկմանը ներկա 2 հանքարդյունաբերական ընկերությունների` «Վալլեքս խմբի» եւ «Քրոնիմետ մայնինգի» ներկայացուցիչները մինչեւ քննարկման վերջ, այսպես էլ աշխատավարձի չափ չնշեցին:

ԳԱԱ ներկայացուցիչն էլ վստահեցրեց, որ այսօր օրենսդրական շատ խնդիրներ կան, օրինակ` թափոնների կառավարման հետ. «Թափոններն, այսպես ասած` նվիրվում են պետությանը, լուրջ խնդիր կա փորձաքննության հետ, չունենք մասնագետներ, որոնք կարող են հետազոտել եւ պարզել թե որքան հումք է հանվում, ինչ կոնցենտրացիաներով…Ես չգիտեմ` պետությունն ինչ օգուտ է ստանում շահագործումից, այդ փողերը չպիտի գնան սպառման վրա, դա նույնն է, որ բնակարանդ ծախես ու ծախսես ռեստորանների վրա»: Պարոն Սաղաթելյանն առաջարկեց կիրառել ամերիկյան փորձը եւ իրավական փոփոխությամբ ստեղծել «Սուպեր հիմնադրամ», որը աշխարհում լավագույն օրինակն է. «Այն ունի հետադարձ ուժ եւ ընկերությունը, որը ժառանգել է այդ «հարստությունը» եւ պատճառաբանում է, որ սովետական միության ժամանակ է եղել, ապա այս օրենքով պետք է պատասխանատվություն կրի թափոնների եւ այլ բաների համար»:

«Քրոնիմետ մայնինգի»  ներկայացուցիչ Մհեր Պոլոսկովն էլ լուռ լսելով քննարկման ընթացքում հնչած կարծիքներն ու մեղադրանքները հետեւյալ եզրակացության հանգեց. «Պետք է մտածել եւ ստեղծել մի օղակ, որտեղ հնարավոր կլինի մանրակրկիտ քննարկել բարձրացված հարցերը եւ լուծումներ տալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930